Մատչելիության հղումներ

Սիմոնյանը Բաքվին մեղադրում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ջանքերը տապալելու համար


Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը, Ուզբեկստանում, ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանի համար անընդունելի է:

Սիմոնյանը Բաքվին մեղադրել է ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տապալելու համար։

Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, ասել է ԱԺ խոսնակը՝ թվարկելով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանում և բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակում:

Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի երկօրյա մարտերի հետևանքնով անհետ կորած է համարվում 29 հոգի: Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ պնդել էր՝ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։ Երեկ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։

«Սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա»

Անդրադառնալով դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում Հայաստանի դիրքորոշմանը՝ Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը ձգտում է հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։

Նա շեշտել է, որ սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Հայաստանը պատրաստ է բացել եղածը և նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։ Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով»։ Ստամբուլում էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր ասել, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ այդ շարքում հիշատակելով նաև «Զանգեզուրի միջանցքը»։ «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան», - ասել էր Չավուշօղլուն։ Հայկական կողմը հակադարձել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառը մեկ անգամ է կիրառվում՝ Լաչինի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Թվիթերի էջում գրել է, թե Բաքուն ամիսներ շարունակ չի արձագանքել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապն ապահովելու համար սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ Երևանի առաջարկին: Արձագանքելով՝ Բաքուն հայտարարեց, որ «անիրատեսական» է համարում սահմանի անցակետերը բացելու վերաբերյալ Երևանի առաջարկը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG