Մատչելիության հղումներ

Ադրբեջանն արդեն 100 դիրք է գրավել Հայաստանի տարածքում. Թաթուլ Հակոբյան


Ադրբեջանն առնվազն 100 կետում ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և100 տեղում նստած է Հայաստանի ինքնիշխան տարծաքում, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ միայն սեպտեմբերի 13-14-ի արգրեսիայի ընթացքում Ադրբեջանը 50 հայկական դիրք է զավթել։

Լրագրողի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հակոբյան․ - 100 տեղում իրենք նստած են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այսինքն՝ առնվազն 100 կետում նրանք ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Ես Ձեզ ավելին ասեմ՝ չգիտեմ էս թիվը պաշտոնապես նշվել է, թե չի նշվել, բայց դա իրականություն է։

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-ից 19-ը, ինչքանով տեղյակ եմ, 19-ը, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում։

«Ազատություն»․ - Հետ վերադարձրած դիրքեր եղե՞լ են էդ ընթացքում։

Հակոբյան․ - Ես տեղեկություն չունեմ էդ մասին։

«Ազատություն»․ - Արդյո՞ք ռուսների ուղեկցությամբ գնալ-գալը Դուք կհամարեիք միջանցք։

Հակոբյան․ - Եվ այո, և ոչ։ Ռուսները շատ պարզ ասում են ու էդ տեսակետը, կարծեք թե, ադրբեջանական տեսակետի հետ համընկնում է, ասում են՝ «դե մի հատ միջանցք տվեք», ճանապարհ, միջանցք չասենք, որովհետև էդ բառի շուրջ է խոսկցությունը գնում, բայց կարևորը բառը չի, կարևորը էդ տարածքի վրա էդ քո մաքսվորը կանգնելու է, թե չէ, քո սահմանապահը կանգնելու է, թե չէ։ Ադրբեջանն ասում է՝ «մենք չենք ուզում, որ կանգնի, մենք ուզում ենք, որ ամենահարավային ներքի կետից՝ Աղբադ բնակավայրից, որը Նյուվադիին (Նռնաձոր) զուգահեռ է մոտավորապես, մենք մտնենք, մեզ ոչ մեկը չհանդիպի և դուրս գանք Օրդուբադի մոտ՝ Արաքս գետի երկայնքով և էդտեղով գնա և՛ երկաթգիծը, և՛ մի հատ էլ ճանապարհ գնա»։ Ռուսները դրան դեմ չեն, բայց մեր համար դա անընդունելի է։ Ասում են, որ դա կարմիր գիծ է։ Ես կարծում եմ, որ դա կարմիր գիծ չէ, դա Հայաստանի պետականության գիծ է, և եթե մենք դրան համակերպվենք, մեր պետականությունը կդրվի կասկածի տակ։ Ես կարծում եմ, որ դա չափազանց վտանգավոր կլինի, և մենք չգիտենք Ռուսաստանն ինչքան է տարածաշրջանում մնալու, ինչքան ներուժ ունի, մեր ռեսուրսները կբավարարեն, որպեսզի թուրք-ադրբեջանական ներխուժման դեպքում կարողանանք զսպել, շատ բարդ իրավիճակ է, և այս իրավիճակը օր-օրի մեր օգտին չի աշխատում, և ես դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ այստեղ կա ռուս-թուրք-ադրբեջանական լռելայն շահերի համընկնում։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում հայտարարեց՝ անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։

Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դդիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG