Մատչելիության հղումներ

Ալիևը հույս ունի, որ Երևանը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը


Իլհամ Ալիևը հույս ունի, որ Երևանը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի նախագահն այս մասին հայտարարել է Վրաստան կատարած իր աշխատանքային այցի ընթացքում՝ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ավարտին։

«Հուսով եմ, որ հայկական կողմը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ՝ հիմնված միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունքների վրա», - հայտարարել է նախագահ Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը նշել է, որ վարչապետ Ղարիբաշվիլիին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասները, քննարկել են Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով խորհրդակցությունների մեկնարկը։

«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, մենք ևս պատրաստ ենք», - հայտարարել է Աիևը։

Եռակողմ այս հարթակի ստեղծման գաղափարի մասին Ադրբեջանի առաջնորդը խոսել էր այս ամսվա սկզբին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ։ Մանրամասներ այն ժամանակ Ալիևը չէր նշել, բայց շեշտել էր, որ նման համագործակցությունը պետք է ուղղված լինի «Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը» և որ այդ հարթակում կարող են քննարկվել էներգետիկ, հաղորդակցային խնդիրներին վերաբերող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Պաշտոնական Թբիլիսին անմիջապես դրական է արձագանքել Ադրբեջանի առաջնորդի այդ առաջարկին։ Վարչապետ Ղարիբաշվիլին այսօր վերահաստատել է՝ պատրաստակամ են աջակցելու Ալիևի նախաձեռնությանը:

«Վերոնշյալ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, ընդհակառակը, կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր բաներ կանենք»,- շեշտել է Վրաստանի առաջնորդը։

Ադրբեջանն ու Վրաստանն ընդլայնում են երկկողմ համագործակցությունը

Մինչ եռակողմ այդ ձևաչափը իրականություն կդառնա, Ադրբեջանն ու Վրաստանն ընդլայնում են երկկողմ համագործակցությունը: Ըստ Իլհամ Ալիևի, հարևան պետությունների հարաբերություններն արդեն հասնում են դաշնակցային մակարդակի, քանի որ, ինչպես ընդգծել է, համագործակցում են բազմաթիվ ուղղություններով:

Չնայած տարածքային վեճերին և պետական սահմանների որոշ հատվածների շուրջ պահպանվող անորոշությանն ու սուր տարաձայնություններին, Բաքուն և Թբիլիսին հաջողությամբ համագործակցում են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական ոլորտներում: Վրաստանը Բաքվի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն տարանցիկ հնարավորությունների օգտագործման, մասնավորապես, ադրբեջանական նավթը և գազը Թուրքիա և եվրոպական շուկաներ հասցնելու, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխափան կապի ապահովման տեսանկյունից։

Երկկողմ առևտրաշրջանառությունն այս տարվա վերջին ինը ամիսներին հասնում է մեկ միլիարդ դոլարի, անցած տարի Ադրբեջանը չորրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։

Վրաստանն Ադրբեջան է արտահանում լոկոմոտիվներ և այլ տրանսպորտային միջոցներ, հանքային և քիմիական պարարտանյութեր, հանքային ջրեր, ալկոհոլային խմիչքներ, ապակի, դեղամիջոցներ։ Ադրբեջանը Վրաստան է արտահանում նավթ և նավթամթերք, բնական գազ, պլաստիկ արտադրանք, ցեմենտ, և այլ շինանյութեր։

Նախագահ Իլհամ Ալիևն այսօր վստահեցրել է՝ իր այս այցը նոր թափ կհաղորդի Ադրբեջանի ևւ Վրաստանի միջև եղբայրական ու բարեկամական հարաբերություններին։

«Պատմական համագործակցություն», - թվարկելով վրաց-ադրբեջանական համատեղ խոշոր նախագծերը՝ հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը։

Ղարիբաշվիլին հիշեցրել է Իլհամ Ալիևի հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը՝ վրացիներն ու ադրբեջանցիները երջանիկ են՝ լինելով հարևաններ։

XS
SM
MD
LG