Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի առաքելությունը հաստատում է, որ Մինսկի խումբն այլևս չի գործում. քաղաքական մեկնաբան


ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը Սյունիքի մարզում
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը Սյունիքի մարզում

Հայաստանում է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությանը, նրանք արդեն այցելել են Գեղարքունիք, Սյունիք, նախատեսված է ևս մեկ այց Գեղարքունիքի մարզ, տեղեկացանք մարզպետ Կարեն Սարգսյանից։

«Նախ ներկայացրել ենք, թե ինչպիսի վնասներ են կրել սահմանամերձ բնակավայրերը, որոնց վրա հրետակոծում է եղել, մեր իմացած ինֆորմացիայի մասին ասել ենք, որ իրենց ամբողջությամբ կտրամադրենք», - նշեց Սարգսյանը:

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը Գեղարքունիքի մարզում
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը Գեղարքունիքի մարզում

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը առաքելությանն ընդունել է շաբաթ օրը։ Այն գլխավորում է ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։

Երևանի դիմումի հիման վրա Հայաստան առաքելություն ուղարկելու այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ նախագահող երկրի և քարտուղարության կողմից։ Սա նշանակում է, որ այդ որոշման համար անհրաժեշտ չի եղել կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությունը։ ԵԱՀԿ-ի նախկինում կայացրած ու բոլոր երկրների հավանությանն արժանացած որոշումներն արդեն թույլ են տվել Հայաստան առաքելություն ուղարկել։

Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է՝ եթե այս հնարավորությունը չլիներ, ԵԱՀԿ-ն պարզապես չէր կարողանա Հայաստան առաքելություն ուղարկել։

«ԵԱՀԿ-ում ցանկացել են ուղարկել կարիքների գնահատման առաքելություն՝ գիտակցելով, որ եթե անհրաժեշտ լինի լիագումար նիստի քվեարկություն, այն չէր անցի։ ԵԱՀԿ-ն կոնսենսուսով որոշումներ կայացնող կազմակերպություն է, Ադրբեջանը կկարողանար խոչընդոտել։ Հայաստանից բացի սա կարևոր էր նաև ԵԱՀԿ-ի համար, որը այսպես փորձում է վերականգնել իր դերակատարությունը տարածաշրջանում։ ԵԱՀԿ-ն չի ցանկացել դուրս մնալ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցից», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։

Մի կողմից ԵԱՀԿ-ն ցանկանում է ընդգծել իր կարևորությունը, մյուս կողմից հաստատվում է, որ Մինսկի խումբն, ըստ էության, արդեն գոյություն չունի, ասում է Կիրակոսյանը և հիշեցնում, որ եռանախագահությամբ գործող Մինսկի խումբն ուներ մշտական իրավունք ու պարտականություն դիտարկելու հակամարտող կողմերի շփման գծերը։ Խոսքը ԵԱՀԿ դիտորդական խմբի մասին է, որ պարբերաբար Հայաստան էր գալիս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ։

«Այդ խումբը կարող էր ուղարկված լինել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության փոխարեն, բայց այդպես չի արվել։ Այսպիսով այս որոշումը ցույց է տալիս, որ կազմակերպության բարձր ղեկավարության շրջանում որոշում է եղել այլևս չապավինել Մինսկի խմբին։ Հայաստանի համար սա վատ չէ, քանի որ այս առաքելությունը դիվանագիտական առումով ավելի բարձր ներգրավվածություն է», - ասաց նա։

Կազմակերպությունն, իր հերթին, տեղեկացնում է, որ Հայաստան են եկել գնահատելու իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մանդատի շրջանակում։ Աշխատանքի ավարտին նրանք զեկույց են կազմելու Հայաստանի 2 մարզերում ստեղծված իրավիճակի մասին։ Ադրբեջանական զինուժը ո՛չ վերջին, ո՛չ անցյալ տարվա մայիսի ներխուժումից հետո ելման դիրքեր չի վերադարձել։

«Այդ զեկույցն իրականում ավելի կարևոր է, քան թվում է առաջին հայացքից։ ԵԱՀԿ-ի զեկույցը հաստատելու է, որ ադրբեջանական կողմն ագրեսիա է կիրառել և շարունակում է իր ապօրինի ներխուժումը Հայաստանի տարածք։ Սա կուժեղացնի Հայաստանի կառավարության դիրքը, նաև միջազգային իրավունքի ու դիվանագիտության տեսանկյունից», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը։

Պաշտոնական Բաքուն, սակայն, ձեռքերը ծալած չի նստում և սպառնում է չքննարկել կառույցի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, պնդում, որ Հայաստան առաքելություն ուղարկելու որոշումը ԵԱՀԿ որևէ կառույց չի քննարկել, հետևաբար այն չունի իրական մանդատ։

«Սպառնում են ապագա քայլերով, ինչն արդեն անկարևոր է։ Բայց ամենայն հավանականությամբ զեկույցից հետո չեն լինի նաև ԵԱՀԿ-ի այլ որոշումներ, քանի որ դրան կարող են ընդդիմանալ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։

Կարո՞ղ էր արդյոք Երևանը անցյալ տարվա մայիսի 12-ի Սև լճի շրջանում ադրբեջանական ներխուժումից հետո էլ դիմել ԵԱՀԿ-ին կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու համար։ «Այո», - ասում է Կիրակոսյանը, նկատելով, որ դա կառավարության բացթողումն էր։

XS
SM
MD
LG