ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից ուղիղ մեկ ամիս անց Երևան է ժամանել ամերիկացի կոնգրեսականների մեկ այլ պատվիրակություն՝ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ։
Երևանում, ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, չորս կոնգրեսականները կլինեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպեն վարչապետին, Ազգային ժողովի նախագահին։ Ազգային ժողովում նախատեսված է նաև Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և ամերիկյան պատվիրակության ղեկավարի ասուլիսը։
Սեպտեմբերին ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Երևանում արձանագրեց՝ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը», սակայն հարցին, թե պատրա՞ստ է Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, հստակ պատասխան չտվեց։
«Մեր այցը կարևոր է նաև այն առումով, որ այստեղ ենք՝ լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից։ Մեր այսօրվա հանդիպման ժամանակ խոսեցինք տնտեսական, անվտանգային հարցերի մասին, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, ինչպես նաև պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությանն անդրադարձանք։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան», - ասաց Փելոսին։
Արդյո՞ք այսօր ամերիկացի կոնգրեսականներն ավելի հստակ պատասխաններ կտան, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հայտարարությունների մակարդակով նոր շեշտադրումների պետք չէ սպասել։
«Նոր ձևակերպումներ կլինեն, բայց շեշտադրումների առումով, կարծում եմ, հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարը դեռևս քննարկումների փուլում է, և կոնգրեսականների նոր այցը, իհարկե, միտված կլինի այդ քննարկումները շարունակելուն և ավելի խորացնելուն», - ասաց Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինել բազմաշերտ քննարկումների և համբերատար լինել։
«Սա պետք է լինի կարևորագույն ուղղություն Հայաստանի քաղաքականության համար, բայց այդ ուղղությունը պետք է հեռու լինի պատրանքային և չափազանցված սպասումներից, որովհետև դրանք սովորաբար ավելի նպաստում են հետագայում հիասթափությունների, կամ ավելի նպաստում են մանիպուլյացիաների, քան բերում են աշխատանքային արդյունավետության», - ասաց Բադալյանը։
Վերջին շաբաթներին նաև ամերիկյան վարչակազմն է ակտիվացրել ջանքերը հայ - ադրբեջանական կարգավորման բանակցություններում։
Ադրբեջանական հարձակումից հետո՝ սեպտեմբերի 14-ին ամերիկյան միջնորդությամբ հրադադար հաստատվեց, հայրենադարձվեցին 17 գերիները։
Ռազմական բախումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ ու մասնակցությամբ կայացավ։ Ապա սպիտակ տանը տեղի ունեցավ Հայաստանի անվտանգության քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը։