Մատչելիության հղումներ

Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա


Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», - ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես գալով:

Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Նենսի Փելոսին` հավելելով. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: «Ես հուսով եմ, որ այդ բանաձևով մենք առաջ կշարժվենք, ինչ վերաբերում է մեր հանձնառությանը Հայաստանի հետ կապված, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը», - իր հերթին ընդգծեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը:

Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան:

Երևան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնակալության միջև ընտրության առջև, և մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:

Սեպտեմբերի 13-ին հայ -ադրբեջանական սահմանին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 135, Ադրբեջանը՝ 79 զոհ. դրանք հաստատված տվյալներն են:

Հայաստանի ժողովորդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ, ասաց Փելոսին` խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ու կառույցի հասցեին վերջերս հայկական կողմից ուղղված քննադատության մասին:

«Որոշումն, անշուշտ, Հայաստանն է կայացնում, այստեղ մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել», - նշեց նա:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ աջակցություն է ԱՄՆ-ն պատրաստ տրամադրել Հայաստանին, մասնավորապես ռազմական աջակցության մասին կարո՞ղ է խոսք լինել, Նենսի Փելոսին շատ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց. «Մեր այցի կարևորությունը և արժեքը նաև այն է, որ մենք այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող է արվել, ինչ կարող է ակնկալվել մեզանից, տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ: Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան»:

«Ժողովրդավարությունն ու մարդկային արժեքները կարևորող Վաշինգտոնն ինչո՞ւ Ալիևին պատժամիջոցների չի ենթարկում Հայաստանի, Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար, և արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը ևս պատժամիջոցների ենթարկվի», լրագրողի հարցին Ներկայացուցիչների պալատի խոսնակն արձագանքեց. «Այս վերջին զարգացումները դեռևս վերջին շրջանում են, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, պատմական հուշակոթողների հանդեպ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր մեր ուշադրության կեննտրոնում են, մեր երկրի նախագահը աջակցել է Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մացնակցել ժողովրդավարության գագաթնաժողովին, և մենք շարունակելու ենք մեր այս երկար ճանապարհը` աշխատելու այս հարցերի ուղղությամբ»:

ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանն, իր հերթին, ասաց, որ ավելի վաղ կայացած հանդիպմանը Փելոսիին տեղեկացրել է, որ նաև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել ադրբեջանական վերջին գործողությունների հետևանքով, կան բազում մարդկային կորուստներ։

«Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինային», - ընդգծեց օրենսդիր մարմնի խոսնակը:

Նա ասաց, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ է սեպտեմբերի 14-ին ձեռք բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը:

XS
SM
MD
LG