Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կիրակի օրն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
Նախարարը Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:
Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել շաբաթ երեկոյան, այցը կավարտվի այսօր: Արդեն կայացել են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: