Մատչելիության հղումներ

Ադրբեջանագետը Աստանայում ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի քննադատությունները տեղին ու հիմնավոր է համարում


Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած քննադատությունների տակ մշակված քաղաքականություն կամ քաղաքական ծրագիր չկա, սա միայն թեժացնելու է վիճակը ռազմավարական դաշնակցի հետ, կարծում է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

Քոչինյանը հույս ունի, որ դա ոչ միայն էմոցիաների ու բարկության վրա հիմնված ելույթ էր, այլ որոշակի քաղաքական ծրագրի մեկնակետ։

«Դա կարող է լինել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ, դա կարող է լինել Հայաստանի սահմաններն արտաքին՝ Իրան և Թուրքիա, դրանցից առնվազն Իրանի հետ սահմանում ռուսական սահմանապահ ծառայության ժամեկտի ավարտը և դրա փոխանցումը հայկական սահմանապահ ծառայությանը։ Տարբեր քաղաքական պրոյեկտներ կարող են սրան հետևել, բայց եթե չեն լինում քաղաքական գործընթացներ, լինում է միայն հայտարարությունը, ես կարծում եմ, որ սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, ինչու որովհետև մենք, ըստ էության, ընտրում ենք հետևյալ քաղաքականությունը՝ մնալ ՀԱՊԿ-ում և փորձել փոխել ՀԱՊԿ-ը, բարոյական, բարոյախրատական դասեր տալ ՀԱՊԿ-ի անդամներին, ասել թե իրենք ինչ վատն են, և ինչքան սխալ են իրենց պահում մեր հանդեպ, ինձ թվում է այնքան էլ էֆեկտիվ ճանապարհ չէ», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Փաշինյանի քննադատությունները տեղին ու հիմնավոր է համարում՝ շեշտելով՝ քննադատության հիմնական պատճառը հենց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի շրջանում ռազմավարական դաշնակցի և նաև ՀԱՊԿ-ի ստանձնած կրավորական պահվածքն էր, որը, ըստ ադրբեջանագետի, համահունչ չէր ստեղծված իրավիճակին։

«Ես նաև կարծում եմ, որ փորձերը Ադրբեջանին տալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալ ՀԱՊԿ-ում որով նաև Արբեջանին տալ դիտորդի կարգավիճակ, իրապես պետք է կասեցվեն, որովհետև դրանք մեր շահերին չեն համապատասխանում, և այդ նույն ելույթի շրջանակներում հենց Ալիևի հնչեցրած թեզերը, ևս մեկ անգամ եկան փաստելու, որ Ադրբեջանը բնավ չի գնում խաղաղության ճանապարհով», - ասաց Հայրապետյանը։

Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավրեպ է համարել ՀԱՊԿ-ում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկին։ Փաշինյանը նաև ասել է, թե շատ կարևոր է հստակ պատասխան տալ, թե արդո՞ք ԱՊՀ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր և նշել, որ այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո, երբ ռազմական դաշինքը փաստացի մերժեց ռազմական աջակցություն տրամադրելու Երևանի խնդրանքը, ՀԱՊԿ-ը երկու առաքելություն գործուղեց Հայաստան, ընդ որում՝ վերջինը գլխավորում էր կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա պետք է սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ առաջարկներ մշակեր, սակայն Երևանից հայտարարում են, որ դրանց մասին որևէ տեղեկություն չունեն։

Երբ պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստան պետք է ժամանի Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե ՀԱՊԿ -ը պատրաստ է դիտորդական խումբ ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին առաքելություն իրականացնելու նպատակով։ Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ԵՄ դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ -ի դիտորդներին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG