Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ -ի դիտորդներին


Եվրամիության դիտորդական խմբին զուգահեռ պաշտոնական Երևանը պատրաստ է ընդունել նաև ՀԱՊԿ-ի դիտորդներին։ «Եթե լինի նման առաջարկ, ապա Հայաստանը չի հրաժարվի և բաց է յուրաքանչյուր կառուցողական նախաձեռնության համար», - «Ազատությանն» ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Դե եթե առաջարկը լինի, մեր դիմումի համաձայն, ես չեմ տեսնում խնդիր, որպեսզի մենք հրաժարվենք որևէ կոնստրուկտիվ, դրական նախաձեռնությունից», - նշեց Հովհաննիսյանը:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստան պետք է ժամանի Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե ՀԱՊԿ -ը պատրաստ է դիտորդական խումբ ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին առաքելություն իրականացնելու նպատակով։ Արդյոք դիտորդական այդ խումբը քաղաքացիական, թե ռազմական է լինելու, պարզ չէ։ Լավրովը երեկ միայն նշեց, թե այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ հրավիրի։

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, քանի որ ՀԱՊԿ -ը ռազմական կառույց է, ապա հնարավոր այդ դիտորդական առաքելությունը իր մեջ կարող է ռազմական կոմպոնենտ ունենալ, պարզապես քանի դեռ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ տեղի չի ունեցել, դժվար է հստակ որևէ բան ասել։

«Հնարավոր է, Եվրամիությունը ռազմական կառույց չէ, ՀԱՊԿ-ը այլ բնույթի կառույց է, պաշտպանության ոլորտի, ենթադրաբար, հնարավոր այդպիսի առաքելությունը կարող է այդպիսի կոմպոնենտ ունենալ», - նշեց նա:

Արդյոք հնարավո՞ր է, որ միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվեն և՛ Եվրամիության և՛ ՀԱՊԿ-ի դիտորդները, արտաքին գործերին նախարարի տեղակալն ասաց, թե երբ կունենան կոնկրետ առաջարկ այդ ժամանակ համադրության հարցը կքննարկվի։ Այժմ կոնկրետ առաջարկ ունեն Եվրամիությունից և այդ ուղղությամբ են աշխատում:

«Մենք դիմել ենք բոլորին՝ ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵՄ, երկկողմ հարթակներով, հիմա ինչպես կլինի այդ համադրությունը, դա երկրորդ հարց է, այս պահին ունենք Եվրամիության կոնկրետ առաջարկ, աշխատում ենք դրա շուրջ, երբ որ արդեն ի հայտ գան այլ նախաձեռնություններ, արդեն պետք է աշխատանք տարվի», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Առայժմ պարզ չէ , արդյոք ՀԱՊԿ -ում նախագահող Հայաստանը առաջիկայում կհրավիրի խորհրդի արտահերթ նիստ, որն էլ պետք է որոշի դիտորդական խումբ ուղարկել սահման։ Ընդ որում՝ Լավրովը, երեկ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ավելի քան մեկ ամիս է առաջարկություններ ունեն Հայաստան- Ադրբեջան սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասով և միակ բանը, որ պահանջվում է` Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որի կայացման համար նիստ պետք է հրավիրի կառույցը նախագահող Հայաստանը։

«Հենց որ ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հաստատել նման առաքելությունը` պաշտոնապես, և այն կկարողանա սկսել աշխատանքը»,- ասել էր Լավրովը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ արձագանքել էր՝ Հայաստանը որպես համանախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դա դեռ չի հաջողվել` դաշնակիցների «խիստ ծանրաբեռնվածության պատճառով»: Լավրովն էլ հակադարձել էր՝ «Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման առցանց նիստ անցկացնել»։

Մինչ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե ՀԱՊԿ ը արդեն մեկ ամիս է պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի- Ադրբեջան սահմանին տեղակայելու համար, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե առայսօր որևէ առաջարկ ՀԱՊԿ-ից չեն ստացել։

«Որևէ նորություն ես չունեմ այդպիսի առաջարկների մասին, որևէ նորություն չունեմ, որ ՀԱՊԿ-ը պատրաստվում է իրական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին ստիպելու Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալու համար: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում արդեն տեղյակ են, թե Ադրբեջանն ինչպիսի ձևակերպումներ է տալիս եվրոպական մայրաքաղաքներում ՀԱՊԿ-ի մասին: Ես կարծում եմ՝ դրա մասին պետք է ՀԱՊԿ-ում մի քիչ լուրջ մտածեն», - նշել է Գրիգորյանը:

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո, երբ ռազմական դաշինքը փաստացի մերժեց ռազմական աջակցություն տրամադրելու Երևանի խնդրանքը, ՀԱՊԿ-ը երկու առաքելություն գործուղեց Հայաստան, ընդ որում՝ վերջինը գլխավորում էր կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա պետք է սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ առաջարկներ մշակեր, սակայն Երևանից հայտարարում են, որ դրանց մասին որևէ տեղեկություն չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG