Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը․ Փաշինյան


Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել, այսօր Աստանայում, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

«Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք», - շեշտել է վարչապետ Փաշինյանը՝ նկատելով՝ հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին», - նշել է Հակաստանի վարչապետը:

«Պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը»

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։

«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - մասնավորապես ասել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG