Միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումն է կարևորել Հայաստանի արտգործնախարարը՝ երեկ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:
Նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։
Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:
Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
Աստանայում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների նիստի շրջանակում երեկ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, վաղը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: