Եվոպական միությունն այսօր Հայաստան կգործուղի տեխնիկական խումբ, որը պետք է հստակեցնի Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վայրերը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Այդ հարցերը քննարկվում են, այսօր կժամանի Եվրամիության տեխնիկական խումբը, որը կքննարկի բոլոր հարցերը և տեղակայման չափանիշները»,- նշել է փոխնախարարը:
Եվրամիության դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի փակ նիստում էին համաձայնել Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից, չի հստակեցվել։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: