Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը պատվիրակության հետ Երևանում է, բայց ՀՀ իշխանության հետ դեռ չի հանդիպել


Չնայած արդեն երեք օր է անցել այն հայտարարությունից, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հանդիպում մինչև օրս տեղի չի ունեցել, և կողմերից ոչ մեկը չի պարզաբանել, թե ինչն է խնդիրը։

Արցախում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին՝ պատվիրակության Երևան այցի մասին կիրակի օրը հայտարարել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ստեփանակերտի հանրահավաքների կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց՝ առավոտյան է խոսել Երևանում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Պաշտոնյան նրան փոխանցել է, որ պատվիրակությունը սպասում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերադառնա Մոսկվայից և ընդունի իրենց։

Իսկ թե ինչու Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը չի ընդունում Երևանում գտնվող և այս օրերին տարբեր հանդիպումներ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պետրոսյանը տեղեկություններ չուներ։

«Ի սկզբանե, նորից եմ կրկնում, որ Փաշինյանի հետ պետք է հանդիպեին, կարծում եմ՝ այդպես էլ պիտի լինի, որովհետև Ալեն Սիմոնյանն այդ կոմպետենտությունը չունի՝ լիազորությունները չունի, որ բանակցային գործընթացից պատմի կամ հարցերին պատասխանի», - ասաց Պետրոսյանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակն արդեն երկու օր է անպատասխան է թողնում «Ազատության» զանգերը։ Պատվիրակության անդամներից Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը ևս զանգերին չեն պատասխանում։

Հայաստանի կառավարությունից առանց լրացուցիչ մեկնաբանության միայն փոխանցեցին՝ եթե հանդիպում տեղի ունենա, այդ մասին հաղորդագրություն կտարածեն, ինչպես արել են միշտ։

Արցախցի Տիգրան Պետրոսյանն ասում է՝ իրենց նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պատվիրակությունը Երևանից պարզաբանումներ չի ներկայացրել։

Արցախցիներին հետաքրքրում են Պրահայի քառակողմ հանդիպման մանրամասները և, մասնավորապես, մեկ հարցի պատասխան՝ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ է լինելու Արցախի հետ։

«Եթե այդ կետերի մեջ ինչ-որ ենթակետ ավելացվի, որ Արցախի հարցը այլ հարթակում պետք է քննարկվի, ապա դա այլ բան, կամ էլ պետք է ավելացնի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ կամ Լեռնային Ղարաբաղի հետ», - ասաց Պողոսյանը։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը Արցախից ժամանած նախորդ խորհրդարանական պատվիրակության կազում էր, ասում է՝ այլևս անիմաստ է համարում նման այցերը, քանի որ վերջին փորձն իրենց ցույց է տվել որ Հայաստանից հնչող պնդումները կեղծ են լինում։

«Ում հետ հանդիպել ենք, այլ բան ասել են, բայց գործողություններով այլ բան են անում: Հույս չունեմ, որ հայաստանյան որևէ իշխանություն ի զորու է հասկանալ Արցախը իր խնդիրներով հանդերձ: Նրանք մենակ իրենց աթոռների մասին են մտածում, Հայաստանի օրվա իշխանությունները ձեռքերը լվացել են և Արցախում ապրող հայերին թողնում են մեն-մենակ թուրք-ադրբեջանական խունտայի դեմ: Այնքան միամիտ են այսօրվա իշխանությունները, որ մտածում են՝ Արցածը հանձնելով Հայաստանը փրկելու են, նրանք չեն հասկանում, որ միևնույն անվտանգային գոտին է, և առանց մեկը մյուսին գոյատևել չեն կարող», - ասաց նա:

Երևանից, մինչդեռ, շարունակում են պնդել՝ Արցախը առավել քան երբևէ տեղյակ է բանակցային բոլոր նրբություններին։ Երեկ «Ազատության։ տաղավարում ամենաբարձր մակարդակով հնչած այս հայտարարությունները վերաստատեց նաև իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ասելով. «Արցախի հարցով բանակցությունների և քննարկումների մասին, ամբողջությամբ տեղեկացված է Արցախի նախագահը, և ես գիտեմ, որ Արցախի նախագահը նաև համապատասխանաբար այդ մասին տեղեկացնում է Արցախի քաղաքական ղեկավարությանը, Անվտանգության խորհրդին, գիտեմ նաև, որ դրա մասին տեղեկացվում են Արցախի խմբակցությունները»:

Քանի դեռ Արցախի պատվիրակությունը սպասում է Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմանը, Ստեփանակերտի բողոքի ակցիաների մասնակիցներն ասում են՝ մինչև պատվիրակության վերադարձը հանրահավաքներ չեն անի, և իրենց հետագա անելիքները կախված են Ստեփանակերտ-Երևան հանդիպման արդյունքներից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG