Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, որ Արցախ բառը պետք է և կարող է լինել խաղաղության պայմանագրում». Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում։ Ըստ Սիմոնյանի, անկախությունից ի վեր, Հայաստանը տարածքային պահանջներ չի ունեցել հարևանների նկատմամբ և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի որևիցե օրինակ կամ մի բան, որի մասին ես հիմա կարող եմ խոսել և ասել, որ այնտեղ նման բան կա կամ չկա, բայց միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից, և խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին», - նշեց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է այդ փաստաթղթում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով Լեռնային Ղարաբաղը զրկվի այդ ինքնորոշման իրավունքից», ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 91 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը գնացել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին: Սրանք իրավունքների հարցեր են, և չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ: Դա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ իմ գործընկերները կկիսեն այդ կարծիքը»:

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի քաղաքական ղեկավարությունը անընդունելի էր համարել որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել խնդրի արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները։

Այս հայտարարությունը հաջորդել էր Հայաստանի վարչապետի անցած շաբաթվա հարցազրույցին, որտեղ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և որ երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը։

Արցախի իշխանությունն անընդունելի է համարում խաղաղության պայմանագրից Արցախի հիմնախնդիրը դուրս թողնելու տարբերակը

Արցախի իշխանությունը, սակայն, անընդունելի է համարում Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրից Արցախի հիմնախնդիրը դուրս թողնելու տարբերակը։ Խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ կողմ են, որ խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սակայն ղարաբաղյան հիմնախնդիրը դուրս թողնելով պայմանագրից և ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմք է ստեղծվում, որ բանակցություններն այլևս չշարունակվեն, հատկապես, որ Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա և ռազմական ճանապարհով այն լուծել են։

«Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճանաչված կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, և այդ պայմանագրի մեջ չնշելը, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, որը ենթական է բանակցություններով կարգավորման, ռիսկեր է պարունակում, որ հետագայում այդ բանակցությունները չշարունակվեն: Մանավանդ, որ հնչեցվում են այն թեզերը, որ ժամանակն է, որ Արցախն ու Ադրբեջանն առանձին քննարկեն», - նշեց Արթուր Հարությունյանը:

Արցախի անվտանգության խորհուրդը երեկ արձագանքել էր նաև Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի։ Ստեփանակերտը նշել է՝ քանի դեռ «Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում»:

Արցախի իշխանությունը հիշեցրել է, որ այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի ներպետական և միջազգային, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով: Արձագանքելով այս դիտարկմանը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդեց, թե հենց այդ կերպ էլ Հայաստանի իշխանություններն այս պահին վարվում են։

«Տենց էլ անում ենք, և բազմիցս խոսել ենք դրա մասին, որ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին», - ընդգծեց Սիմոնյանը:

Արցախի Անվտանգության խորհուրդը նաև չափազանց վտանգավոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման փորձերը։ Պաշտոնական Ստեփանակերտը շեշտում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG