Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վտանգավոր է համարում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից Արցախի հիմնախնդիրը դուրս թողնելը։
Ըստ Գրիգորյանի՝ այդ հանգամանքը մի շարք լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, այդ թվում՝ Ադրբեջանը կարող է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հարց բարձրացնել։
Պաշտոնական Բաքուն մշտապես պնդում է, որ խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Լեռնային Ղարաբաղում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, թե Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում։ Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել՝ երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը։
Արցախում մինչդեռ վտանգավոր են համարում Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղության պայմանագրից դուրս թողնելու տարբերակը՝ նշելով, որ այդ կերպ հնարավոր է վերջ դրվի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին։
«Առաջին վտանգն, այո՛, դա է, որ Ադրբեջանն առնվազն կարող է ներկայացնել միջազգային հանրությանը, որ հակամարտությունն ավարտված է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության հարցեր չկան, քանի որ Հայաստանն արդեն ստորագրել է նմանատիպ փաստաթուղթ», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով․ - «Դրանից բացի կարող են ի հայտ գալ նաև մի շարք գործնական՝ պրակտիկ խնդիրներ, օրինակ, ես կարծում եմ, որ կարող են դժվարություններ առաջանալ նաև Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների հարցում այդպիսի փաստաթուղթ ստորագրելուց հետո։ Պարզ չէ, թե Երևանն ինչպես է, օրինակ, հիմնավորելու, Արցախի իշխանություններին, կամ Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը։ Այսինքն՝ եթե արդեն իսկ ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ֆինանսական աջակցությունը նույն անվտանգային ոլորտում։ Այ էս փաստաթուղթը կարող է հեշտացնել նաև Ադրբեջանի դիրքերը ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացում Արցախից։ Այսինքն՝ մենք բոլորս գիտենք, որ ռուս խաղաղապահներն Արցախում գտնվում են այդ թվում Հայաստանի ստորագրության արդյունքում, եթե արդեն Հայաստանի ստորագրությունը չկա, պարզ է, որ Բաքվի համար ավելի հեշտ է լինելու Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել»։
Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ Արցախը խաղաղության պայմանագրից դուրս թողնելու պաշտոնական Երևանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները ընդունել են Բաքվի պահանաջները, և խաղաղության ապագա պայմանագրի հիմքում ընկած են լինելու Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 հայտնի սկզբունքները։
Ըստ քաղաքագետի՝ գոյություն ունեցող վտանգները քիչ թե շատ չեզոքացնելու համար հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանգրում ընդգծի, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, և որ ապագայում բանակցություններ պետք է տեղի ունենան։ Սակայն, Տիգրան Գրիգորյանի համոզմամբ, քիչ հավանական է, որ Ադրբեջանը նման կետով պայմանագիր ստորագրի։