Մատչելիության հղումներ

«Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ». Արարատ Միրզոյան


Երևանը Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներ սկսելու մեխանիզմների փնտրտուքից է խոսում, Բաքուն հայտարարում՝ որևէ միջազգային խաղացողի հետ չի պատրաստվում Ղարաբաղի բնակչությանը վերաբերող հարցերը քննարկել։

Նախ Հայաստանն ու Ադրբեջանը Բլինքեն-Միրզոյան-Բայրամով երեկվա հեռախոսազրույցի մասին միմյանցից տարբերվող հաղորդագրություններ տարածեցին։ Երևանը հայտարարեց, թե արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, Բաքվի պնդեց՝ ընդգծվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու հարցը»։

Այսօր էլ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ Ղարաբաղն Ադրբեջան է, Ղարաբաղի հայերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Ու իրենք չեն պատրաստվում միջազգային որևէ խաղացողի հետ քննարկել, թե ինչպես են կազմակերպելու նրանց կյանքը իրենց տարածքում։

Ազգային ժողով-Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը միայն մի հավելում արեց պաշտոնական հաղորդագրությանը՝ խոսքը Ստեփանակերտ-Բաքու քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման մասին է։ Ադրբեջանի դիրքորոշմանը նախընտրեց չանդրադառնալ՝ հայտարարելով՝ այն հայկականից տարբերվում է, բայց քննարկումները շարունակվում են։

«Այն ժամանակ ասացինք, որ այս 5 կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը, կիսվեցինք մեր պատկերացումներով: Այդ պատկերացումների հիմնական մասը վերաբերում էին հենց Լեռնային Ղարաբաղին, այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել: Այս մասին քննարկումներ են ընթանում: Անշուշտ մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ, երբ որ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք», - ընդգծեց Միրզոյանը:

Մինչ հայաստանցի պաշտոնյաներից հնարավոր չէ ստանալ տեղեկություն՝ Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումների ի՞նչ մեխանիզմ է առաջարկվել, Արցախից հայտարարում են՝ պատրաստ են բանակցել Ադրբեջանի հետ՝ ամիսներ շարունակ փաստացի չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Արտգործնախարար Դավիթ Բաբայանն այդ ֆորմատը վերականգնելու անհրաժեշտություն է տեսնում։ Իսկ թե Հայաստանի իշխանությունների հետ քննարկումներ ունեցել, Երևանի պատկերացումները որո՞նք են, չբացահայտեց:

«Այո, կարող են լինել որոշ հանդիպումներ այդ շրջանակում, կա երեք կողմ Ադրբեջան, Արցախ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, որոնք միշտ մասնակցում են այդ գործընթացին: Իսկ եթե անհրաժեշտություն լինի այդ շրջանակներում ինչ-որ առանձին հանդիպումների, սա պետք է նույնպես քննարկվի, բայց այդ հանդիպումները չեն կարող լինեն այնպես, որ Ադրբեջանը մեզ դիտարկի որպես ստորադասներ, քննարկի որպես մի ապստամբ կազմավորումը ռեինտեգրելու բանակցություններ: Այսինքն՝ մեզ պետք է համապարփակ կարգավորում Արցախի լիարժեք մասնակցությամբ, որտեղ մենք որևէ ստորադասված կարգավիճակ որևէ մեկի նկատմամբ չենք ունենալու», - ասաց Բաբայանը:

Ադրբեջանն, ի դեպ, ըստ այդ երկրի Արտգործնախարարության հաղորդագրության, ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները կշարունակվեն Բաքվի առաջարկած տեքստի շուրջ։ Ադրբեջանը մերժում է Հայաստանի ավելի վաղ ներկայացրած առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը լուծված է։

«Ինձ համար շատ դժվար է, ամեն անգամ երբ որ բանակցային մի փուլ է սկսվում այնտեղ ինչ-որ լարվածություն է սկսվում մեր թիկունքի հետևում», - ասել է վարչապետ Փաշինյանը:

Եթե մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում էր ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ու դա նաև կառավարության ծրագրում է ամրագրված, այսօր ոչ միայն ինքնորոշման իրավունքն են դադարել շեշտել, այլև հենց Փաշինյանն է հայտարարում՝ ճիշտ է, որ Հայաստանն ու Արցախն առանձին-առանձին բանակցեն Ադրբեջանի հետ։

XS
SM
MD
LG