Մինչև տարեվերջ արդեն կարող է խաղաղության համաձայնագիր ստորագրվել, եթե Հայաստանը «բարի կամք ցուցաբերի», հայտարարել է Իլհամ Ալիևը երեկ Պրահայում քառակողմ հանդիպման առաջին փուլից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ եթե մոտ ապագայում որոշում կայացվի, աշխատանքային խմբերը կսկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, և մենք կարող ենք մինչև տարեվերջ հասնել համաձայնեցման։ Ըստ էության, մեր կողմից հայտարարված հինգ սկզբունքների հետ կապված հարցեր չունի ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրամիությունը։ Այսօր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը ես տեսա, որ դրանք բոլորի կողմից են ընդունվում», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայկական կողմը, ընդունելով Ադրբեջանի առաջարկները, սեփականն էր ներկայացրել, թե անհրաժեշտ է նաև Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովել։ Ալիևը, մինչդեռ, երեկ կրկին պնդել է՝ մերժում են Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ քննարկում որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Ընդգծել է՝ Բաքուն պատրաստ է ոչ-պաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին։ «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա», - հավելել է նա։
«Մենք նախատեսում ենք շարունակել ոչ-պաշտոնական հանդիպումները Ղարաբաղի հայկական բնակչության հետ։ Այդպիսի շփումներ արդեն իսկ ընթանում են որոշակի ժամանակ, և կարծում եմ, որ դրանք կբերեն լիակատար փոխըմբռնման ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման գոտում ապրող բնակչության մեծամասնության հետ։ Ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելուց բացի այլ տարբերակ ուղղակի չկա։ Ով կընդունի, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ՝ չի զղջա, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ պատճառով դա հարմար չէ, կարող են իրենց համար բնակության այլ վայր ընտրել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Խոսելով խաղաղությունից՝ Ալիևը չի հստակեցրել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մինչ համաձայնագրի կնքումը, կամ՝ դրանից հետո, դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից։ Փոխարենը՝ որպես նախապայման կրկին առաջ է քաշել թեզը, թե Ղարաբաղում հայկական զորամիավորումներ չպետք է լինեն։
«Հայկական զինված խմբավորումները մինչ այժմ մեր հողերից դուրս չեն բերվել, մենք դա պահանջում ենք։ Ճիշտ է, մի մասը հանվել է, բայց նրանք դեռ շարունակում են մնալ մեր հողում։ Հուսով եմ, որ սրան ևս վերջ կդրվի, քանի որ ողջ միջազգային հանրությունն է գիտակցում՝ Ղարաբաղը Ադրբեջան է», - ասել է նա։
Խոսելով Բաքվի պահանջներից՝ Ալիևը նաև հաղորդակցության ուղիների բացումն է հիշատակել։ Թեև այս անգամ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի օգտագործել, բայց պնդել է՝ Հայաստանը չի ուզում ինքնակամ դեպի Նախիջևան ավտոճանապարհ տալ։
«Ցավոք, այսօր էլ, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին, թե ի վերջո տվեք մեզ ավտոմոբիլային ճանապահի երթուղին, պատասխան չստացա։ Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, քանի որ բոլորը գիտեն՝ որտեղով պետք է անցնի երկաթուղին ու ավտոճանապարհը։ Անհասկանալի է՝ ինչու ինքնակամ չեն համաձայնում մեզ անցում տրամադրել դեպի Նախիջևան։ Սա, իհարկե, ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, սակայն մենք համբերում ենք, զսպվածություն ենք ցուցաբերում։ Ես վստահ եմ, որ դրան էլ կհասնենք, որքան շուտ, այնքան՝ լավ», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը տեղեկացրել է, որ կան որոշակի պայմանավորվածություններ առաջիկա բանակցությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ սահմանի դելիմիտացիայի հարցով կողմերը կհանդիպեն մինչև այս ամսվա վերջ՝ Բրյուսելում, առաջնորդների մակարդակով էլ ևս մեկ հանդիպում կունենան հաջորդ ամիս՝ կրկին Եվրամիության մայրաքաղաքում։ Մինչ այդ նախատեսված է հանդիպում արտգործնախարարների միջև, որի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել։
Հայաստանի վարչապետը կամ պատվիրակության անդամները լրագրողներին դեռ չեն հանդիպել։