Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գերությունից օրերս վերադարձածները պատմում են Բաքվում կրած կտտանքների մասին


Օրերս Ադրբեջանից վերադարձած զինվորականները պատմում են կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի մասին։

Ավելի քան երեք շաբաթ ադրբեջանական գերության մեջ անցկացրած 17 ռազմագերիներից մեկի հորեղբայրն, առանց անունը հրապարակելու, «Ազատությանը» պատմեց, որ տղան երեք օր շարունակ բռնության է ենթարկվել։

«Տարել են ռազմական ոստիկանություն Ադրբեջանի, ու հենց այդտեղ, այդ երեք օրը, իրենք շատ դաժան ծեծի են ենթարկվել, շատ դաժան կտտանքների են ենթարկվել», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները երեկ առանձնազրույցներ են ունեցել ռազմագերիների հետ։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի փոխանցմամբ, գրեթե բոլորը պատմել են խոշտանգումների մասին։ «Էդ հարցազրույցներով, այո՛, մենք վերհանել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների և այլն։ Դրա վերաբերյալ, բնականաբար, առանձին զեկույց կունենանք», - ասաց Պաշտպանը։

Ոչ միայն ուժային կառույցի ներկայացուցիչներն են ռազմական հանցագործություններ կատարել, այլև բժշկական անձնակազմը, նշեց Գրիգորյանը։

«Տարբեր փուլերում Բաքվի տարբեր մարմինների, իրավապահ մարմինների հետ իրենց առնչություններում, նույն հոսպիտալում, ունենք բժիշկների և բժշկական անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի դեպքեր արձանագրված։ Այդ վատ վերաբերմունքը դրսևորվել է տարբեր ձևերով, օրինակ, առանց ցավազրկելու միջամտություններ կատարելը, էն դեպքերում, երբ պետք էր կատարել ցավազրկումով, դա պրոտոկոլ է բժշկական։ Խոսքը և՛ վիրահատության մասին է, և՛ վերքերը կարելու մասին է, և՛ հետո բուժման պրոցեսի միջամտություններն են, որոնք որ բժշկական պրոտոկոլներով ենթակա են ցավազրկման դրանցից առաջ», - ասաց Գրիգորյանը։

Պաշտպանի խոսքով՝ այս ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ նոր բողոքներ ներկայացնելու համար։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո արդեն մի քանի դիմումներ են ուղարկվել Եվրոպական և արդարադատության միջազգային դատարաններ, դրանց թվում հայ անզեն զինծառայողների գնդակահարության տեսանյութի հիմքով:

Մի դիմում էլ Եվրոպական դատարան են պատրաստվում ուղարկել այժմ հոսպիտալում բուժում ստացող ռազմագերու հարազատները։ Հորեղբոր խոսքով՝ տղաները ոչ միայն վերքերը բուժելու, այլ նաև լուրջ հոգեբանական աջակցության կարիք ունեն։

«Հոգեբանական վիճակն է իրենց ընդհանուր՝ էդ ծեծից, էդ դաժանություններից հետո վերականգնվել է պետք, հոգեբանները պետք է հետներն աշխատեն, պարտադիր։ Ինքն ադեկվատ է, կարողացել է էնտեղ իրեն հավաքի, իրեն գտել ա, կարողացել ա դիմանալ էդ ամեն ինչին», - պատմեց հորեղբայրը։

Ռազմագերու հարազատի խոսքով, տղան հրազենային վիրավորում է ստացել, այժմ բժիշկները քննարկում են բեկորը ոտքից հանելու հարցը. «Վիրավորում ունի ոտքից, մի քանի հատ բեկորներ են եղել, որոշը հեռացրել են, հիմա ոտքի մեջ մի հատը կա, պետք է ոտքի մեջ արդեն իրենք որոշեն, ոնց են հեռացնելու, հեռացնելու են, թե չէ»:

Մինչ ամերիկյան միջնորդությամբ հայրենիք վերադարձած 17 զինվորականները ապաքինվում են, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է Ադրբեջանում պահվող մյուս 33 ռազմագերիների մասին։ Բաքուն, նրանց մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ, հրաժարվում է փոխանցել հայկական կողմին։ Քրիստիննե Գրիգորյանի՝ Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված նամակներն էլ մնացել են անպատասխան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG