Մատչելիության հղումներ

Անկարան, թեև, խոսում է հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրից», բայց կրկին հիշատակում է միջանցքը


Անկարան հույս ունի, որ «հայ-ադրբեջանական սահմանային բախումները չեն վերածվի նոր պատերազմի», և կողմերը կվերադառնան բանակցային սեղան, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը: Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին, ասել է՝ երկու կողմում էլ կրկին բանակցային ճանապարհով առաջ շարժվելու ամուր կամք կա։

Թուրք պաշտոնյան, սակայն, դարձյալ հիշատակել է Երևանի կողմից մերժվող միջանցքը, խոսել «ադրբեջանական տարածքներում մնացած հայերի» մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով Արցախի հայերին։

«44-օրյա պատերազմից հետո հրադադար հաստատվեց, բայց խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել: Հիմա բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Իհարկե, սա համապարփակ պայմանագիր է: Այն պետք է ընդգրկի երկու պետությունների՝ կարգավորմանը տանող քայլերը, սահմանների, սահմանային անվտանգության, միջանցքի, ադրբեջանական տարածքներում մնացած հայերի վիճակին վերաբերող հարցեր», - հայտարարել է նա:

Քալընը այլ փակագծեր չի բացել, չի տվել Լեռնային Ղարաբաղի անունը, որի հիմնախնդիրը Բաքուն լուծված է համարում։

Անցած շաբաթվա հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից անմիջապես հետո Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով Հայաստանին մեղադրեց սադրանքների համար՝ հորդորելով ետ կանգնել սխալ ուղուց և կատարել ղարաբաղյան պատերազմից հետո ստորագրված համաձայնագրի դրույթները:

Նախագահականի խոսնակի համոզմամբ` հայ-ադրբեջանական պայմանագիրը խիստ կարևոր դեր է ունենալու Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում, և պետք է աշխատել ճիշտ դրույթներով կազմել այն, որպեսզի հետագայում նոր բախումներ չլինեն։

Քալընը նաև նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ գործընթացին՝ շարունակելով լինել Ադրբեջանի կողքին: Նրա խոսքով` Հայաստանի վարչապետը ևս մինչ օրս այս հարցում շատ կառուցողական մոտեցում է ունեցել՝ չնայած ներքին ճնշումներին:

Էրդողան-Փաշինյան հանդիպումը նախատեսված էր դեռ Նյու Յորքում. խոսնակ

Օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ կարող է հանդիպել Հայաստանի վարչապետին Պրահայում կայանալիք քաղաքական հանրության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Պաշտոնական Երևանը չի բացառել նման հանդիպումը։ Այնինչ, Իբրահիմ Քալընն ասել է, թե Էրդողան-Փաշինյան հանդիպումը նախատեսված էր դեռ Նյու Յորքում:

«Իրականում նախագահ Էրդողանը Փաշինյանի հետ Նյու Յորքում էր հանդիպելու, սակայն նրանց ժամանակացույցը չհամընկավ և չստացվեց: Բայց առաջիկա օրերին հնարավոր է նման հանդիպում կայանա Պրահայում, այդպիսի հավանականություն կա: Մենք այս հարցը քննարկում ենք նաև ադրբեջանական կողմի հետ, նրանք ևս կառուցողական մոտեցում ունեն: Այս հանդիպումները արդեն ամենաբարձր մակարդակով պետք է անցկացվեն: Թուրքիայի դերը այս գործընթացում ակնհայտ է»:

Ըստ Քալընի` հատուկ ներկայացուցիչների բանակցությունները հաջողությամբ են ընթանում

Թուրքիայի նախագահի խոսնակը նաև անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ վստահեցնելով, թե հատուկ ներկայացուցիչների բանակցությունները հաջողությամբ են ընթանում: Քալընի համոզմամբ` պատերազմից հետո արդեն ավելի արագ քայլերով է պետք առաջ շարժել, և այս առումով Էրդողան-Փաշինյան հանդիպումը կնպաստի գործընթացին:

Խոսելով անցած շաբաթ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակի Հայաստան կատարած այցի և հայկական սփյուռքի մասին` Իբրահիմ Քալընը ասել է՝ ակնկալում են, որ սփյուռքը ևս կաջակցի խաղաղության օրակարգին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG