Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ի միջնորդությունը գործնականում իրեն դրսևորել է որպես էֆեկտիվ և արդյունավետ միջնորդություն». Էդուարդ Աղաջանյան


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)

Չնայած հրադադարը պահպանելու միջազգային հանրության կոչերին և Թուրքիայի նախագահի վերջին հավաստիացումներին, թե Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունները, Իլհամ Ալիևը երեկ կրկին սպառնացել է Հայաստանին՝ ոչ մեկի վրա հույս չդնել, շեշտելով, թե «ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, կամ նախաձեռնություն իրենց չի կանգնեցնի»:

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ալիևը երեկ պնդել է, թե իրենց հողի վրա են և իրենց հողն են պաշտպանում։

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ հրադադարից հետո հնչած այս հայտարարությունները ներքին լսարանի համար են։

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ որքան էլ որ Ալիևը հայտարարի, թե որևէ մեկի զանգն իրեն չի կանգնեցնի, փաստ է, որ ԱՄՆ-ի ներգրավվածության արդյունքում պատերազմական գործողությունները դադարել են. - «Իմ անձնական գնահատականը այդ ելույթի վերաբերյալ հետևյալն է, որ, այդ թվում նաև հաշվի առնելով, որ հանգամանքները և տեղը, թե որտեղ էր էդ ելույթը տեղի ունենում, դա հիմնավորապես ուղղված է ներքին լսարանին։ Բայց եթե խոսենք փաստերով, մինչ այս պահը պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ի միջնորդությունը գործնականում իրեն դրսևորել է որպես էֆեկտիվ և արդյունավետ միջնորդություն, որպես ձևաչափ։ Եվ որքան էլ նմանատիպ հայտարարություններ հնչեն, փաստն այն է, որ Ամերիկայի ներգրավվածության արդյունքում պատերազմական գործողությունները կանգնել են։ Սրանք ընդամենը հեռախոսազանգեր չեն, սրանք ընդամենը հայտարարություններ չեն, սրանց տակ կա շատ հստակ քաղաքական կշիռ, սրանց տակ կան շատ հստակ քաղաքական և ոչ միայն քաղաքական լծակներ, որոնք և ունենում են համապատասխան էֆեկտ»։

Թեև մոտ մեկ շաբաթ է, հրադադար է, սակայն Հայաստանի իշխանությունները միջազգային ամբիոններից շարունակում են հայտարարել, որ պատերազմի վտանգը չի վերացել։

Աղաջանյանը ևս ասաց, թե չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները. - «Պատերազմի վերսկսման վտանգը երբեք չի վերացել։ Մենք և մեր հասարակությունը մշտապես այս ժամանակատվածում և այս ընթացքում պետք է սա մտքում ունենանք. ցավալիորեն բայց իրավիճակը սա է»։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը հող է նախապատրաստում ռազմական գործողությունների վերսկսման համար։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Ալիևի սպառնալիքները և՛ ներքին լսարանին են ուղղված, և՛ արտաքին, քանի որ չեն կարող աննկատ մնալ միջազգային հանրության համար. - «Անկասկած է, որ Ալիևը չի կարող անտեսել արտաքին դերակատարների դիրքորոշումները, մոտեցումները և այլն։ Այլ խնդիր է, որ նա էդ հայտարարությունների միջոցով համենայն դեպս կփորձի իր քաղաքական գինը բարձրացնել արտաքին դերակատարների համար՝ օգտվելով ինչպես միշտ այդ դերակատարների միջև որոշակի մրցակցային, հակադիր քաղաքականության հանգամանքից։ Մասնավորապես՝ Արևմուտք - Ռուսաստան, նաև այլ ուժային խաղացողների միջև շահերի բախում և այլն»։

Ադրբեջանի նախագահը երեկ նաև պնդել էր, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել էր, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիան:

Երևանից հակադարձում են. դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքները տորպեդահարում է հենց Ադրբեջանը։ Էդուարդ Աղաջանյանի պնդմամբ՝ ռազմական բախումները թույլ չեն տալիս վստահության մթնոլորտում սահամազատաման շուրջ բովանդակային քննարկումներ ունենալ. - «Եվ այս առումով պատահական չէ, երբ մենք երկար ժամանակ պնդում էինք, որպեսզի այդ հանձնաժողովը գործնականում գործի և չմնա թղթի վրա, ինչը փաստացի այս պահին իրողություն է։ Մեզ պետք է, որպեսզի այդ հայելային հետքաշումը զորքերի, զինված ուժերի տեղի ունենա»։

Ադրբեջանի նախագահը երեկ իր ելույթում նաև ասել է, թե քանի դեռ երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիա տեղի չի ունեցել, ոչ ոք չի կարող ասել, թե այն կոնկրետ որտեղով է անցնում։ Հղում անելով 19 -րդ և 20 դարերի ինչ -որ քարտեզների՝ Ալիևն ասել է, թե դրանք ցույց են տալիս , թե ով ում հողում է կանգնած։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հիշեցնում է, որ Ալիևի կողմից հիշատակված ժամանակշրջանի քարտեզներ կան, որոնց համաձայն Հայաստանի տարածքները ավելին են, քան Խորհրդային Հայաստանի տարածքները։

Ամեն դեպքում, ըստ Էդուարդ Աղաջանյանի, վարչապետ Փաշինյանը ուրվագծել է Հայաստանի համար կարմիր գծերը։ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանն այդ տարածքի, այդ հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ապա ինքն այդ հենքի վրա պատրաստ է գալ համաձայնության:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG