Պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ արդյո՞ք դիմել է Վաշինգտոնին ռազմական օգնություն ստանալու խնդրանքով։ Սակայն Հայաստանի ռազմական գերատեսչությունը ընդգծում է, որ Պաշտպանության նախարարն և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը երեկ քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո, Նենսի Փելոսին իր հերթին առանց հստակ մանրամասների սոցիալական ցանցի իր էջում գրել է. - «Մեր պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ փոխանցելու Ամերիկայի աջակցությունը Հայաստանի անվտանգությանը»։
Երեկ ավելի վաղ կայացած ասուլիսում Փելոսին պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, ասել էր, որ իրենք Հայաստան են եկել հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից։
Արդյո՞ք Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիմել է կամ պատրաստվում է դիմել ԱՄՆ -ին ռազմական աջակցություն ստանալու խնդրանքով. Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն այսօր հրաժարվեց փակագծեր բացել. - «Հավելյալ որևէ պարզաբանում չեմ կարող կատարել։ Միայն կարող եմ հստակ նշել, որ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցեր քննարկվել են»։
Ադրբեջանի վերջին հարձակման ֆոնին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի թաքցնում, որ Հայաստանը զենքի մատակարարման խնդիր ունի։ Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զենք գնելու փող կա, խնդիրները քաղաքական, տեխնիկական և տրանպորտային են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրոյցում ընդգծել էր. - «Միակ ռեալ կարիքը որ ունենք, զենքի կարիքն է»։
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխանական Անդրանիկ Քոչարյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք Հայաստանը կդիմի ԱՄՆ -ին ռազմական օգնություն ստանալու խնդրանքով, և արդյո՞ք ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը չի կաշկանդի Երևանին։
«Վերջին հաշվով, տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները, որ ամրագրված է համապատասխան կանոնակարգում, այնուամենայնիվ չի կարողանում կատարել։ ՀԱՊԿ-ը էլի կրավորական դիրքում է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ, լինելով ՀԱՊԿ անդամ, մենք գործ ունենք որոշումները կա'մ չկատարող, կա'մ հավերժ ձգձգող մի համակարգի հետ, որը մեր անվտանգության համար որևէ խնդիր այս պահին ի վիճակի չի լուծել։ Դրա համար էլ Հայաստանի իշխանությունները ազատ են և փորձում են մեր սպառազինության խնդիրները փնտրել աշխարհով մեկ, որտեղ հասանելի են, որովհետև կան խոչընդոտներ. ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ոչ անդամ պետություն», - ասաց Քոչարյանը։
Նա պնդեց, թե չկա որևէ հանգամանք, որը կխանգարեր այլ պետություններից սպառազինության ձեռք բերմանը՝ նշելով. - «Ավելի կարևոր նպատակ, քան մեր յուրաքանչուր քաղաքացու անվտանգությունը և մեր պետության անվտանգությունը գոյություն չունի, ի՞նչ խանգարող հանգամանքի մասին է խոսքը։
Հարցին՝ այդյո՞ք Հայաստանն այդ հարցով կդիմի Միացյալ Նահանգներին, Քոչարյանն արձագանքեց. - «Այստեղ էր գտնվում Կոնգրեսի ղեկավարը և շատ կարևոր էր, որ այցի ձևաչափից դուրս Կոնգրեսի ղեկավարը նաև երեկոյան այցելեց Պաշտպանություն նախարարություն։ Դա ի՞նչ էր նշանակում։ Էդտեղ արդեն հարցեր պետք ա չառաջանա։ Էդտեղ քննարկվում էին նաև մեր երկրի պաշտպանական խնդիրներին առնչվող խնդիրներ։ Նաև գուցե քննարկվել է, թե ինչ ձևաչափով մենք կարող ենք ակնկալել Միացյալ Նահանգներից գուցե աջակցություն»։
Արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանից զենք ձեռք բերելու փորձ արել է և արդյո՞ք խոչընդոտների հանդիպել է։ Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանին դիմելու խնդիր չունի, քանի որ պայմանագիր ունի այդ երկրի հետ։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այստեղ խնդիրն այլ տիրույթում է. վերջին օրերին ուկրաինական բանակի առաջխաղացումը հիմք է տալիս մտածելու, որ Ռուսաստանն էլ ծանր իրավիճակում է։
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը տարօրինակ է համարում, որ երկրի ղեկավարը բաց տեքստով մարտական գործողությունների պիկին հայտարրեց, որ Հայաստանը զենքի մակատարարման խնդիր ունի։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներից զենք ձեռք բերելու հնարավորությունը, ապա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, զենքի շուկան բավական քաղաքականացված է, և այդքան հեշտ չէ ԱՄՆ-ից կամ արևմտյան այլ երկրներից սպառազինություն ստանալը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները. - «Որովհետև, իմ տպավորությամբ, մեծ թվով երկրներ ռազմական համագործակցության հիմքում դնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի որոշակի իջեցում, նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու, չասեմ նախապայմաններ, բայց նաև այդ գործոնն է հաշվի առնվում։ Եվ այս պարագայում մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է Միացյալ Նահանգների հետ սպառազինության մատակարարումների հետ կապված խնդիրներ լուծել»։
Աբրահամյանի խոսքով, կան նաև այլ շուկաներ, որոնք քաղաքական խնդիրներ չեն առաջացնում և չեն պահանջում արտաքին կուրսի փոփոխություն։ Այս առւմով, ըստ նրա, պետք է աշխատել հատկապես Իրանի և Հնդկաստանի հետ։