Մատչելիության հղումներ

Միրզոյանը շարունակում է հանդիպումները Նյու Յորքում


Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, Նյու Յորքում, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ երեկվա հանդիպմանն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այն համարելով տորպեդահարում տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։

Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։

Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Միրզոյանի հանդիպումը ԿԽՄԿ նախագահի հետ

Միրզոյանը երեկ հանդիպել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ նշելով, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը մինչ օրս հիմնականում պահպանվել է:

Հայկական կողմը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:

XS
SM
MD
LG