Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը վերստին պնդում է, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է առաջ տանում Հարավային Կովկասում


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի ԱԳ նախարարը քննադատում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը պնդում է, որ իր երկիրը ցանկանում է խաղաղ եղանակով կարգավորել Հայաստանի հետ վեճերը:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի և Հայաստանի արտգործնախարարի հետ եռակողմ հանդիպման ընթացքում ես վերահաստատել եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- Real TV ադրբեջանական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Բայրամովը:

Նրա պնդմամբ, անմիջապես պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել:

«Անցած երկու տարում տարածաշրջանում բոլոր խաղաղ նախաձեռնությունները հենց Ադրբեջանն է ներկայացրել»,- ասել է Բայրամովը:

Նա պնդել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում հրադադարի ռեժիմը խախտելու համար:

«Հայաստանն ասել է, թե ընդունելի է համարում մեր ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքները և կողմ է, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացվի: Բայց Հայաստանի խոսքն ու գործը չեն համընկնում: Ինչո՞ւ մինչև հիմա հայկական ուժերը դուրս չեն բերվում Ղարաբաղից, ինչո՞ւ է Հայաստանը 2021 թվականից հետո ավելի քան 1300 ական տեղադրել Լաչինում: Այս պայմաններում ի՞նչ խոսք կարող է լինել եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին: Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և վերադառնա խաղաղության օրակարգով կառուցողական երկխոսության»,- ասել է Բայրամովը Real TV-ին:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև քննադատել է ԱՄՆ-ի Կոնկգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին Երևանում հնչեցրած հայտարարությունների համար:

Նենսի Փելոսին միանշանակ դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը։

«Մեր համոզմամբ, հիմա՝ առավել նրբանկատություն պահանջող այս պահին, երբ կա փխրուն խաղաղության հույս, նմանօրինակ հայտարարությունները սոսկ կարող են ոգևորել Հայաստանի ռևանշիստական ուժերին: Դրա համար նրա այդ հայտարարությունը մենք «քաղաքական անպատասխանատվություն» ենք համարում»,- ասել է Բայրամովը:

Ջեյհուն Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի առաջ տանել խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG