Մատչելիության հղումներ

Երկու հայ զինծառայողներ դուրս են եկել ադրբեջանական շրջափակումից


Երկու հայ զինծառայողներ դուրս են եկել ադրբեջանական շրջափակումից, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են նրանց Ջերմուկում դիմավորում, տղաներից մեկը դժվարությամբ է քայլում։ Մինչ այս չէր հաղորդվել, որ շրջափակման մեջ զինծառայողներ կան։

«9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից», - նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Արդեն շուրջ 10 օր է՝ ադրբեջանական զինված խումբը չի նահանջել Ջերմուկի հատվածից։ Ռազմական վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական ամենամեծ առաջխաղացումը հենց այս ուղղությամբ էր։ Անցած ուրբաթ Զինված ուժերի ԳՇ-ի պետը կանխատեսումներ էր անում, թե մի քանի օր ջուր ու սնունդ չստանան, ստիպված կլինեն հեռանալ։ Չեն հեռացել, ասում է ՊՆ-ն խոսնակը՝ չհստակեցնելով իրենց հետագա քայլերը:

«Մենք ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո պարբերաբար պաշտոնական հաղորդագրություններով հայտնում ենք, որ իրադրության փոփոխություն չկա, կլինեն նման փոփոխություններ, այդ մասին հավելյալ հաղորդագրություններով հանդես կգանք», - նշեց Թորոսյանը:

«Ազատության» հարցին՝ «երբ ասում եք, որ իրադրության փոփոխություն չկա, Ջերմուկի իրադրությունն էլ մեջ է մտնո՞ւմ», ՊՆ խոսնակը պատասխանեց. «Նկատի ունենք, որ առաջնագծում, այո, իրադրության փոփոխություն չկա»:

Չնայած, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիները 4.5 կիլոմետրի վրա են, Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն ասաց՝ ռազմական գործողությունների պատճառով քաղաքը լքած ջերմուկցիներն աստիճանաբար վերադառնում են իրենց տներ:

«Քաղաքն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի, սկսել են աշխատել բանկերը, ժողովուրդը, որոնք լքել էին քաղաքը աստիճանաբար վերադառնում են, տրանսպորտը աստիճանաբար սկսել է աշխատել, դպրոցները՝ դեռ՝ ոչ», - նշեց Սարգսյանը:

Երեկ ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից։ Սոթքը Վարդենիսի մաս է, քաղաքապետ Ահարոն Խաչատրյանն ասաց՝ ադրբեջանցիները գյուղի վրա կրակ չեն բացել։

«Գյուղի ուղղությամբ չի եղել, դիրքային ա եղել», - նշեց Խաչատրյանը:

Պաշտպանության նախարարությունը երեկ չէր մանրամասնել՝ կոնկրետ ո՞ր հատվածում են ադրբեջանցիները կրակել, միայն՝ հիշատակելով, որ իրավիճակը լարվել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարն, ըստ հայկական կողմի, ադրբեջանցիները երեկ երկրորդ անգամ խախտեցին՝ երեկոյան ութի սահմաններում։

«Ամսի 21-ի երեկոյան տված հաղորդագրությամբ, երբ նշել ենք արևելյան հատված, հենց Սոթքը նկատի ունեինք: 20:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կիրառելով ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմում կար մեկ վիրավոր, ինչպես երեկ նշել ենք, բայց, փառք Աստծո, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար», - ներկայացրեց ՊՆ խոսնակը:

Արամ Թորոսյանն ասաց՝ վիրավորը զինծառայող է։ Ժամկետայի՞ն է, սպա՞, թե՞ պայմանագրային, ՊՆ խոսնակը չհստակեցրեց։

Ադրբեջանական վերջին հարձակման թիրախում նաև Գեղարքունիքի մարզի Սոթքն էր։ Տեղում հատուկենտ գյուղացիներ են այս օրերին գիշերում։

Ընկերությունից չեն մեկնաբանում, իսկ ՊՆ-ը չի հաստատում տարածված լուրերը, թե ադրբեջանական երեկվա կրակոցների թիրախում նաև Սոթքի ոսկու հանքն է եղել։ Ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքի մի մասը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է։

Հարցին՝ հաստատո՞ւմ են հանքավայրի ուղղությամբ կրակոցները, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Այդպիսի տեղեկություններ չունենք»:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայկական կողմին մեղադրեց, թե անցած գիշեր խոշոր տրամաչափի զենքից Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների ուղղությամբ կրակ են բացել։ Նաև հաղորդվեց, թե հայկական դիվերսիոն մի խումբ հարձակման փորձ է արել, ականապատելով կիրճը։ Ըստ ադրբեջանցիների, հետ են քաշվել պատասխան գործողությունների արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ը այս հայտարարությունները ապատեղեկատվություն է որակում։

Սեպտեմբերի 13-ի հարձակմանը նախորդել էին հայկական սադրանքների մասին ադրբեջանական մեղադրանքները։ Այս պահին ի՞նչ իրավիճակ է սահմանին, Թորոսյանը ներկայացրեց. «Ժամը 17:00-ի դրությամբ իրադրության որևէ փոփոխություն չի արձանագրվել»:

«Ազատության» դիտարկմանը, որ կան տեղեկությունների, թե զորահավաք է նախապատրաստվում, Պաշտպանության նախարարության խոսնակն արձագանքեց. «Այս պահի դրությամբ նան տեղեկություն չունեմ»:

Այսօր հիվանդանոցում մահացել է ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական 7 անձանցից մեկը, տեղեկացրեց Առողջապահության նախարարությունը՝ առանց հաստակեցնելու նրա անուն, ազգանունը, նաև որ մարզից է։

Թե քանի՞ զինվորական է զոհվել, քանի՞սն են վիրավորվել, հայկական կողմը, ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց էլ չի հստակեցնում, ընդհանուր թիվ է ասվել՝ զոհվածներն և անհետ կորածները 207-ն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG