Մատչելիության հղումներ

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի մոտ, իշխանությունը հերքում է, թե պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել (լրացված)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր խորհրդարանում արած հայտարարություններից հետո քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի մոտ: Այժմ նրանք փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիա են անում:

Կան նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:

Բաղրամյան պողոտա ոստիկանական ուժեր են բերվում:

Ելույթ ունեցող քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ հանրային ընկալում ունեցող գործիչները հավաքվեն Գիտությունների ակադեմիայի մոտ՝ քննարկելու հետագա քայլերը:

Կեսգիշերից քիչ առաջ ելույթ ունեցավ զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը, ասաց՝ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։ Ապա խոսեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը, ով ասաց՝ քիչ անց հայտարարություն կլինի, թե երբ ինչ է պետք անել, ու հորդորեց սադրանքների չտրվել

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հերքել են, թե փաստաթուղթ կա, որը պատրաստվում է ստորագրվել: Ավելի ուշ էլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերում, պնդեց, թե նման բան չկա. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, իր հերթին, ուղիղ եթերում հայտարարեց. «Վարչապետի ելույթն այն բանի մասին էր, որ ոչ մեկը ոչ մի բան չի տալիս։ 29,8 հազարը Հայաստանի ամբողջ տարածքն է։ Որևիցե մեկը որևիցե բան տալու մասին ելույթ չի ունեցել։ Ոչ Արցախի մասին է խոսքը գնացել, ոչ էլ Հայաստանի Հանրապետության մասին։ ՀՀ տարածքը մեր համար կարմիր գիծ է, մենք այդ տարածքի համար պետք է պայքարենք, մենք միջանցքի մասին խոսակցությանը չենք մասնակցում, չկա տենց հասկացողություն՝ միջանցք»:

Միջանցքի մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում գրված է, բայց դա Լաչինի միջանցքն է, այլ միջանցք չկա, ընդգծեց ԱԺ խոսնակը:

«Որևիցե փաստաթուղթ չկա, շատ կուզենք` մի փաստաթուղթ լինի, որով մենք, այո, ամրապնդելու ենք ՀՀ 29, 8-ի անվտանգությունը, խաղաղությունը», - նշեց նա:

Ուշ երեկոյան էլ հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ շեշտելով, որ Փաշինյանի խոսքը «տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է»։

«ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում, - «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»:

Ավելի վաղ այսօր Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականն էին պահանջում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, որոնց զայրացրել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: Նրանք պնդում էին՝ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով երկիրը կործանվում է։

XS
SM
MD
LG