Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի զոհերի հարազատները գիշերվանից ԱԺ-ի մոտ են. պահանջում են վարչապետի հրաժարականը


44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, որոնց զայրացրել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, գիշերվանից Ազգային ժողովի դիմաց են հավաքված. պահանջում են վարչապետի հրաժարականը, պնդում՝ նրա վարած քաղաքականության հետևանքով երկիրը կործանվում է։

«Պահանջում ենք, որ չհամարձակվի սրանից հետո խոսել ծնողներից, մեր երեխաներից, մենք դա նրան թույլ չենք տալիս», - ասացին նրանք:

2020-ի պատերազմի ընթացքում զոհված Հայկ Մելիքյանի մորաքույրը` Անահիտ Մանասյանը, ցնցված էր՝ ինչ տոնայնությամբ էր խոսում երկրի գերագույն հրամանատարը զոհերի վշտի մասին, ինչ բառեր էր գործածում այսօր սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելիս։

«Սուգը սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք մեր, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ ընդհակառակը` դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ», - ասել էր վարչապետը:

«Թիրախավորել է ծնողներին, ծնողների հորդորներն այլ կերպ` նենգափոխած ներկայացրել հանրությանը, այնինչ ծնողները միշտ մի բան են ասել, խնդրել մեր հայրենակիցներին, որ երեկ այն դժբախտությունը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, հավատացնում ենք` վաղը ձեր դուռն է թակելու, խնդրում ենք` դուրս եկեք փողոց և կանգնեք մեր կողքին: Բառամթերքը կառավարի և չհամարձակվի մյուս անգամ այդպիսի տոնով, ծաղրով նսեմացնել ծնողների արժանապատվությունը», - ասաց Անահիտ Մանասյանը:

Որդեկորույս ծնողներն ասում էին՝ հնարավոր չէ այլևս սպասել, տեսնել՝ ինչպես են սահմանին երիտասարդներ զոհվում, մինչդեռ վարչապետի խոսքում չեն տեսնում ո՛չ ապրումակցում, ո՛չ պատկերացում՝ ինչ անել երկիրը պաշտպանելու ու նոր զոհեր չունենալու համար։

«Մեր միակ պահանջն է, որ նորից տղաները չզոհվեն», - ասաց զոհված Ռուբեն Պողոսյանի մորեղբայր Եղիշե Զաքունցը: Նրան նաև վրդովեցրել էին զենքի գնման մասին վարչապետի հայտարարությունները։ Երեկ Փաշինյանին ուղղված իշխանականների 4 հարցերից 2-ը հենց զենքի մատակարարման խնդրի մասին էին, ինքը՝ Փաշինյանը ևս հաստատեց, որ նման խնդիր կա, և դա մի քանի բաղադրիչ ունի։

«Այսինքն` հասկանում ենք, որ ճնշում կա իր վրա, և թուլամորթ անձնավորությունը, որը չի կարողանում պահպանել մեր ազգի շահերը, մենք պետք է ստիպենք իրեն հեռանալ», - նշեց նա:

Ազգայի ժողովի ծառայողական մուտք տանող Դեմիրճյան փողոցն այսօր փակ էր ոստիկանական պատով. խորհրդարանի ներսում նիստ էր ընթանում ոչ սահմանին տիրող հարցերի շուրջ:

«Այսինքն` այդ ոստիկանները չգիտեմ` ում են պահում և ումից են պահում, փոխանակ գտնվեն սահմանում այսօր»:

44-օրյա պատերազմում ընկած Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը հարցնում է՝ ե՞րբ այսքան անտարբեր դարձանք ուրիշի ցավի նկատմամբ, ու հետո ինքն իրեն ուղղում՝ այդ ուրիշը արդեն հենց մենք ենք՝ բոլորս. «Հայաստանը բոլորն արդեն առաջնագիծ է, չկա երկրորդ գիծ, ոչ մի ռեակցիա»:

Բողոքի այսօրվա ակցիան խորհրդարանի դարպասների դիմաց մարդաշատ չէր: 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին միացել էին նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիներ ևս. «Սրանք կործանում են երկիրը, լրիվ կործանում են, քարը քարի վրա չեն թողել»:

«Թշնամին վաղը, մյուս օրը կգա, կմտնի Երևան, էս անգամ ի՞նչ երևանցիների մեջ բաժանենք, ասենք` արաբկիրցին թող գնա՞, էս երկիր է, ամեն մարդ պիտի ոտքի կանգնի», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Երեկ ցուցարարները վիրավորել էին իշխող «Քաղպայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ջուր էին լցրել նրա վրա, երբ անցնում էր խորհրդարանի դարպասների մոտով։ Այսօր Աղազարյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը օրենսդիր մարմնում օրակարգային հարցերի քննարկման ընթացքում հիշեց այդ դրվագը՝ սպառնալով. «Սահմանի վրա են ձեզ սպասում, և էն բուղեքը, որ երեկ պարոն Աղազարյանին դոշով բրդբրդում էին, չգիտեմ` Հայաստանի քաղաքացի են, թե չէ, պատրաստ լինեն, մենք իրենց կարիքն ունենք էսօր երկրորդ կորպուսում, առաջին կորպուսում, և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենք գան և աջակցեն մեր զինված ուժերին: Չկասկածեք մեր հնարավորությունների վրա»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այս գիշեր չեն մնա Ազգային Ժողովի դարպասների մոտ, սակայն պնդում են՝ շարունակելու են անհնազանդության ակցիաները, մինչև Փաշինյանն ու իր թիմը իշխանությունից հեռանան։

XS
SM
MD
LG