Մատչելիության հղումներ

Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին. վարչապետ


Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար է դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով ՀԱՊԿ-ի երեկվա նիստում նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս պահի համար կայացվել են:

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ հոդվածի հիման վրա, երբ որ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Ի՞նչ ենք մենք խնդրել, Հավաքական անվտանգության կազմակերպությունից, մենք խնդրել ենք, դիմել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում ն ապահովելու համար: Ընդ որում, մենք այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը», - նշեց վարչապետը:

2021 թվականի մայիսյան դեպքերի ժամանակ Սոթք -Խոզնավար հատվածում 41 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայի մասին էր հայտարարել պաշտոնական Երևանը: Այսօր առանց հստակեցնելու որ հատվածների մասին է խոսքը վարչապետը հայտարարեց ևս 10 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի մասին. - «Էս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից: Ագրեսիա ա տեղի ունեցել, և մենք ասում ենք ՝ էդ ագրեսիան չենք ընդունելու, չենք ճանաչելու, պետք ա դուրս գան մեր տարածքից»:

Մի քանի իշխանական պատգամավորներ իրենց հարցերով բարձրաձայնեցին ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից հանրության մոտ առկա դժգոհության հարցը։ Արտգործնախարարն ասաց՝ հարցը պատշաճ կարգով է քննարկվել ՀԱՊԿ-ում, վաղն էլ Հայաստան կժամանի դիտորդական առաքելությունը։

Այս հարցերին պատասխանելիս Փաշինյանը. ըստ էության, ՀԱՊԿ -ում քննարկման ժամանակ առաջ եկած խոսույթի մասին փոխանցեց, ըստ որի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ավարտված չէ, հետևաբար և սահմաններն էլ հստակեցված չեն։ Միևնույն ժամանակ ասաց նաև, որ այդ նույն նիստին եղել են նաև այլ գնահատականներ այն մասին, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ-ի ինքնիշխան տարածք։

«Հիմա Ադրբեջանը փաստացի ի՞նչ ա ասում, ասում ա՝ եկեք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչեք, ներառյալ այն տարածքները, որ ես հիմա ապօրինի ակուպացրել եմ, ճանաչեք իմ մաս, հետո դեմարկացիա, դելիմիտացիայի շրջանում կարող է պարզվի, որ Հայասանի Հանրապետությանը պատկանող տարածքներ կան, որ ժամանակին ապօրինի տրվել են Հայաստանին, էդ հարցերն էլ կնայենք դեմարկացիա, դելիմիտացիայի շրջանում: Էի եմ ասում, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանն այդ տարածքի, այդ հանրապետության և մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ես հենց էսօր էդ հենքի վրա պատրաստ եմ գալ համաձայնության:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիտորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով և, կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի տարածքով միջանցք չի անցնելու։ Ալիևի հետ վերջին՝ բրյուսելյան բանակցություններից նոր փակագծեր բացեց. - «Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով մենք միջանցք չենք տալու: Ես ձեզ գաղտնիք ասեմ՝ մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին և այդ առաջարկությունը ես առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին, որ պահին իրենք այդ առաջարկությունը ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը: Ինչի՞ մասին է այդ առաջարկությունը, մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել և տալ ու ստանալ»:

Հարցուպատասխանին ընդդիմադիր պատգամավորները դարձյալ չէին ներկայացել, ԱԺ նախագահը հորդորեց իշխանականներին առավել ակտիվ լինել։ Սահմանային ծայրահեղ լարվածության ֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների առաջին հարցը մեդիա դաշտում խառնաշփոթը կառավարելու առաջարկի մասին էր։ Մինչ այդ իշխանական պատգամավորները փակ հանդիպում էին ունեցել վարչապետի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG