Մինչ Հայաստանը հայտարարում է, որ Երևանն ու Բաքուն առաջնորդների բրյուսելյան հանդիպմանը չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ, Բաքվից դարձյալ պնդում են, թե պատրաստ են սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
Այս մասին այսօր խոսել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառման ժամանակ, որին ներկա էին Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասեմին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում խաղաղությունն այլընտրանք չունի: Խաղաղության կարելի է հասնել առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական կապերի հաստատմամբ, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման շրջանակներում», - ասել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Մուստաֆաևը, ըստ էության, թվարկել է խաղաղության պայմանագրի համար Բաքվի առաջ քաշած սկզբունքները, որոնք Երևանը ընդունել է։ Փոխարենը Ադրբեջանը մերժել է հայկական կողմի լրացում-առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, որ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիմանը կողմերի դիրքորոշումները չեն համընկել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում. - «Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»:
Ադրբեջանի փոխվարչապետը բարձր է գնահատել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցում: Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության դրույթներով նախատեսվում է տարածաշրջանում տնտեսական կապերի և հաղորդակցական ուղիների վերականգնում, այդ թվում Ադրբեջանի և Նախիջանի միջև տրանսպոտային կապի ստեղծում:
«Հաղորդակցական և տնտեսական ուղիների վերաբացման, նոր ճանապարհների ու միջանցքների ստեղծումը նոր հնարավորություններ կբերեն տարածաշրջանային երկրների լայն համագործակցության և միջազգային տարանցման համար», - ասել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Մուստաֆաևը նաև հավելել է, որ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի և նրանց երեք մեծ հարևանների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը կնպաստի տարածաշրջում անվտանգության ապահովմանը, և այս առումով կարևոր է անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպումը:
Իսկ մինչ այդ, Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը այսօր Բաքվում հուշագիր են ստորագրել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել և գնահատել ենթակառուցվածքներն ու տրանսպորտային հնարավորությունները այդ միջանցքի լիարժեք գործարկման համար:
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականին Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև: Ավելի ուշ այդ համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 14-ի: Նախագծի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Եվրոպա: «Հյուսիս-հարավ» միջանցքը շահավետ այլընտրանք է ծովային երթուղով՝ Սուեզի ջրանցքով տարանցման ճանապարհին՝ ավելի քան երկու անգամ կրճատելով այդ հեռավորությունը:
2005 թվականին այս նախագծին միացած Ադրբեջանը արդեն կառուցել է Աստարա գետի վրայով՝ կամուրջով Ադրբեջանը Իրանին կապող նոր երկաթգծի փոքր հատվածը: Իրանի տարածքով անցնող Ղազվին-Ռաշթ հատվածը շահագործման է հանձնվել 2019-ին, սակայն այս երկաթուղային հանգույցի զգալի հատվածը՝ Ռաշթ-Աստարան, մինչև օրս չի կառուցվել։