Երևանին և Բաքվին անկյունաքարային կետերով դեռ համաձայնության հասնել չի հաջողվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա հիշեցրեց, որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոյեմբերին արտգործնախարարները պիտի հանդիպեն:
«Ինչը նշանակում է, որ դեռ աշխատելու տեղ կա, ու հնարավոր է այս երկու ամիսների ընթացքում դիրքորոշումները որոշակիորեն մոտեցնել», - նշեց նա:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Այսօր սահմանին զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից, և ընդհանրապես վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար հայկական կողմին մեղադրում է իր դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Երևանը հերքում է: Եթե ընդհանրացնենք այս պատկերը, նշանակո՞ւմ է, որ բրյուսելյան բանակցությունները արդյունք չեն տվել, ավելին` դրանից հետո դրությունը լարվել է:
Արման Եղոյան. - Չեմ կարող ասել նման կտրուկ ձևակերպում, որ արդյունք չեն տվել, բայց կարող եմ ասել, որ անկյունաքարային կետերով դեռ համաձայնության հասնել չի հաջողվել, բայց նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոյեմբերին արտգործնախարարները պիտի հանդիպեն, ինչը նշանակում է, որ դեռ աշխատելու տեղ կա, ու հնարավոր է այս երկու ամիսների ընթացքում դիրքորոշումները որոշակիորեն մոտեցնել:
Ի դեպ, հիմնական հարցը գիտեք` որն է, այսինքն` Արցախի հարցը դիտարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման այդ փաթեթի մեջ, թե դուրս, իսկ ավելի կոնկրետ, եթե… սա հայկական տեսանկյունից ասացի ներառյալ, թե ոչ ներառյալ, իսկ ադրբեջանական տեսանկյունից դիտարկել, թե չդիտարկել ընդհանրապես որևէ կոնտեքստում: Բնականաբար, իրենց տեսանկյունից չդիտարկել:
«Ազատություն». - Մեկնաբանելով այդ բանակցությունները` Իլհամ Ալիևն ասել է, որ առաջիկա ամիսներին արդեն իրատեսական է համարում կնքել խաղաղության պայմանագիր, որի հիմքում Ադրբեջանի հայտնի դրույթները պիտի լինեն, այդ թվում` ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Պարո՛ն Եղոյան, բայց ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի մասին:
Արման Եղոյան. - Այո՛, իրենց կողմից, բնականաբար, խոսք չկա, չեն ուզում ընդհանրապես այդ մասին խոսել, մենք ուզում ենք այդ մասին խոսել: Դա է հիմնական անկյունաքարային տարաձայնությունը: Խոսել այդ մասին, թե չխոսել, եթե խոսել, ապա երբ խոսել այդ մասին, խոսել հիմա, թե խոսել հետո, խոսել ընդհանուր փաթեթի մեջ, թե խոսել ընդհանուր փաթեթից դուրս: Այստեղ է, որ կա որոշակի դիլեմա, ու այստեղ որոշակի դիլեմա կա նաև համանախագահողների շրջանում, ու նաև դրանով է իրավիճակը որոշակիորեն ավելի բարդ ու բազմաշերտ:
«Ազատություն». - Ճի՞շտ է, որ Երևանն էլ է հակված առաջիկայում հասնել այդ պայմանագրի կնքմանը…
Արման Եղոյան. - Եթե մեր ասած կետերը հաշվի առնվեն, հնարավոր լինի արցախահայության իրավունքների պաշտպանության երաշխիքների հարցում որոշակի շոշափելի ու կայուն առաջընթաց գրանցել, ես դա չեմ բացառում, եթե բայց:
«Ազատություն». - Մամուլում հրապարակում եղավ, որ օրերս արդյունքների ամփոփմանը` վարչապետի խմբակցության պատգամավորների հետ քննարկման ժամանակ, հնչել է այդպիսի միտք նաև Փաշինյանի կողմից:
Արման Եղոյան. - Կարող եմ այդ հարցին շատ ուղիղ պատասխանել, բայց ես սովորություն չունեմ փակ հանդիպումից, նույնիսկ եթե այդտեղ որևէ գաղտնիք չկա, ուղղակի սղագրության նման մտքերը հանել դուրս ու վերաշարադրել: Ես ասացի, որ նման հավանականություն կա: