Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը հակիրճ անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարի հետ երեկվա հանդիպմանը։ Ավելի քան չորս ժամ տևած բրյուսելյան բանակցություններից մանրամասներ չհայտնեց։ Խաղաղության հնարավոր լուծումներն ակնհայտ չեն, հեշտ չեն, նիստում խոստովանեց Հայաստանի ղեկավարը. «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ»:
Հանդիպումից հետո երեկ կառավարությունը հաղորդեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով մեկ ամսվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Թե ինչ սկզբունքների հիման վրա են Արարատ Միրզոյանն ու Ջեհյուն Բայրամովը աշխատելու փաստաթղթի վրա, վարչապետը այսօր էլ չհայտնեց։
«Հետագայում եթե կլինեն կամ մանրամասներ, կամ առաջարկներ, կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք», - խոստացավ նա:
Ամիսներ առաջ Բաքուն 5 սկզբունքներ էր ներկայացրել, որին Հայաստանը արձագանքել էր վեց կետանոց պատասխանով։ Բաքուն դա անգամ առաջարկ չէր համարել։ Ադրբեջանը, Ղարաբաղի հարցը փակված համարելով, Հայաստանից պահանջել էր միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաև՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կոմունիկացիաների բացում։
Երևանն ընդունելի էր համարել Բաքվի առաջարկները, պատասխանել էին՝ Ադրբեջանից Հայաստանը տարածքային պահանջներ չունի։ Առանց հստակեցնելու՝ ինչ կարգավիճակ են պատկերացնում, նաև շեշտել էին՝ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Երեկվա բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության մասին որևէ բառ չկար, թեև վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ այդ հարցը ևս քննարկվել է:
Հայկ Մամիջանյանը հանդիպումը որակում է ձախողված
Բրյուսելյան հանդիպումից դժգոհ է խորհրդարանական ընդդիմությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպումը որակում է ձախողված` Արցախից ձեռքերը լվացել է Հայաստանի իշխանությունը։ Այն խնդիրները, որ Հայաստանի դիվանագիտության նախապայմաններն էին՝ գերիների վերադարձը, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, այս էջերը փակել են, կարծում է ընդդիմադիր պատգամավորը։
«Փաշինյանի բանակցած ցանկացած բանակցային փուլը ենթադրում է նոր կորուստներ` դրանք կարող են լինել թե տարածքային հայրենազրկման տրամաբանության մեջ, թե անվտանգային երաշխիքների տեսանկյունից: Ողջ բանակցային գործընթացը շրջանցում է Արցախի կարգավիճակը, շրջանցում է փաստացի գերիների հարցը, շրջանցում է այս պահին զինյալների հեռացումը ՀՀ սուվերեն տարածքից և կառուցված է ափալ-թափալ հող, հայրենիք վաճառելու տրամաբանության վրա», - ասաց նա:
Վարչապետի մամուլի ծառայությունից երեկ հայտնել էին՝ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն էլ գերիների ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման վերաբերյալ է եղել։ Եվրոպական խորհրդի նախագահն էլ, որի միջնորդությամբ էր հանդիպումը, իր հայտարարությունում նշել էր՝ ադրբեջանական կողմի հետ զրույցում ընդգծել է հայ գերիների վերադարձի կարևորությունը։
Ըստ իշխանական պատգամավորի` տեղաշարժ է նկատվում
Իշխող խմբակցությունից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հանդիպումը առաջընթաց է համարում։ Խաղաղության նախագծի վերաբերյալ ենթադրությունները, թեև, դեռ վաղ են, ասում է, բայց տեղաշարժ կա։
«Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է մասիքում իր համար շահավետ լուծումներ երաշխավորել: Մեր խնդիրը հակառակն է` մենք նպատակ ունենք երաշխավորել ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը, ինքիշխանությունը, որը շատ կարևոր է, և Արցախի ժողովրդի համար այն պայմանների ստեղծում, որոնք չեն վտանգի, որ նրանք հավերժ ապրեն իրենց պատմական հայրենիքում», - նշեց նա։
Ըստ իշխանության ներկայացուցչի՝ Ռուսաստանն ուզում է` Արցախի կարգավիճակի հարցը օդում մնա, և ռուս խաղաղապահները երաշխավորեն Արցախի անվտանգությունը։ Վիգեն Խաչատրյանը սա վտանգավոր է համարում` մի օր խաղաղապահները դուրս կգան, ու Արցախը կհայաթափվի։ Արևմուտքը, ըստ Խաչատրյանի, առաջարկում է` Արցախը Ադրբեջանի կազմում մնա՝ արցախցիների անվտանգության ու իրավունքների երաշխիքներով։
«Որքան ես եմ հասկացել, պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում, դա նրանք ակնհայտ ասում են, որ Ադրբեջանից դուրս Արցախ չեն տեսնում, բայց մյուս կողմից` Արցախին տեսնում են որպես ինքնատիպ մի կառուցվածք, տարածք, որտեղ հայերն ապրում են իրենց պատմական հայրենիքում, պատմականորեն նրանք Ադրբեջանի կազմում են, բայց պիտի իրենց բոլոր իրավունքները` ինքնուրույն ապրելու, իրենց բախտը տնօրինելու, որոշեն առանց Ադրբեջանի մասնատման: Սա է իրողությունը: Ռուսական տարբերակի դեպքում մենք ընդունենք մի ճշմարտություն` որ օրը ռուսները հրաժարվեն իրենց առաքելությունից, մենք պիտի Ղարաբաղը հայաթափենք: Եթե մենք սրա հետ համաձայնենք, մենք պիտի Արևմուտքի հետ հիմա չխոսենք, ասենք շնորհակալություն, բայց մենք ոնց որ դրա հետ համաձայն չենք», - շեշտեց իշխանական պատգամավորը:
Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերին, թե կոնկրետ որտեղ, դեռ չեն հայտնում։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստն էլ նոյեմբերին տեղի կունենա՝ Բրյուսելում։