Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մի քանի ամսից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Մենք հայտարարել ենք, որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր։ Հայաստանին սրան համաձայնելու համար պահանջվեց մոտ երկու տարի։ Իմ կարծիքով՝ սա հանդիպումների ամենակարևոր արդյունքներից մեկն էր», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում:

Ադրբեջանի առաջնորդը հույս է հայտնել, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել․

«Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե հայկական կողմը նման կամք դրսևորի, ապա, իմ կարծիքով, դա իրական է»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի համար հիմք հանդիսացող Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, և դա վերահաստատվել է Բրյուսելի հանդիպմանը:

«Առաջին՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, երկրորդ՝ հրաժարում ցանկացած տարածքային հավակնություններից, երրորդ՝ հրաժարում ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, չորրորդ՝ սահմանազատում, հինգերորդ՝ հաղորդակցությունների բացում: Սրանք Հայաստանին Ադրբեջանի առաջարկած հինգ բազային սկզբունքներն են, և Հայաստանի վարչապետը դրանք ընդունել է: Դա ևս մեկ անգամ հաստատում գտավ Բրյուսելում երկու օր առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ: Մեր արտգործնախարարները տվյալ հինգ սկզբունքների հիման վրա կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների»,- հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը Իտալիայի Չերնոբիո քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ։

XS
SM
MD
LG