Երեկ Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման ժամանակ «քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր», այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար», - ասաց վարչապետը:
«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն, և մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա», - ընդգծեց Փաշինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ Բրյուսելում պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում:
Եռակողմ հանդիպմանը, ըստ Հայաստանի կառավարության հաղորդագրության, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում:
Նոյեմբերին կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: