Վլադիվոստոկում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ առանձնազրույցը Վլադիմիր Պուտինն իր խոսքում, նշելով երկկողմ կանոնավոր մշտական շփումները, Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր ուղղություններով զարգացող հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական կազմակերպություններում, ՀԱՊԿ-ում, ընդգծել է, որ ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն ապահովելու հետ կապված իրավիճակն է։
«Մենք միշտ Ձեզ հետ խոսում ենք այդ կապակցությամբ, մշտական շփման մեջ ենք։ Ուրախ եմ, որ այսօր Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում, Վլադիվոստոկի տնտեսական ֆորում շրջանակներում ևս կխոսենք այդ բոլոր թեմաներով»,- ասել է Պուտինը։
Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասել է․ «Դուք նշեցիք, և ես նույնպես ցանկանում եմ նշել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների առաքելությունը։ Պետք է խոստովանել, որ դա հեշտ առաքելություն չէ, մենք բազմաթիվ անգամ այդ մասին խոսել ենք և մենք շատ բարձ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահների գործունեությունը։ Կարծում եմ դա ընդգծելը շատ կարևոր է։
Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու գործում կան նրբություններ, որոնք մենք միշտ քննարկում ենք, և կարծում եմ այսօր ևս շատ հարմար առիթ է քննարկելու այդ հարցերը»։
Փաշինյանը անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ
Մինչ Պուտինի հետ հանդիպումը Փաշինյանը ելույթ է ունեցել Վլադիվոստոկում անցկացվող «Արևելյան տնտեսական ֆորումի» լիագումար նիստում և անհանգստություն հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ։
«Մեր տարածաշրջանի համար հիմա բարդ ժամանակներ են, շարունակվում են անվտանգության մարտահրավերները: Հիմա, երբ ամբողջ միջազգային հանրության և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա, կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման՝ մեր տարածաշրջանում», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ 2020 թվականին Հայաստանը վերապրեց Ադրբեջանի հետ պատերազմը, Բաքուն սկսեց պատերազմը այն ժամանակ, երբ Ռուսաստանի ու միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր քովիդի խնդիրների վրա։
Փաշինյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կհաջողվի տարածաշրջանում իրավիճակը պահել վերահսկողության տակ։
«Կան ուժեր, որոնք կարծում են՝ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայով ու դա կարելի է օգտագործել իրավիճակն ապակայունացնելու համար: Կան ուժեր, որոնք շատ էներգիա են ծախսում, որպեսզի Մոսկվայում Հայաստանը ներկայացնեն արևմտամետ, իսկ Եվրոպայում՝ ռուսամետ կառավարություն ունեցող երկիր, ու դա օգտագործել որպես գործոն տարածաշրջանի ապակայունացումն արդարացնելու համար», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այդ հարցերով սերտ երկխոսության մեջ են գործընկերների հետ՝ փորձելով միջազգային օրակարգի բոլոր հարցերով պարզաբանել Հայաստանի դիրքորոշումը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես կային, այնպես էլ մնում են ռազմավարական-դաշնակցային։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է»,- ընդգծել է Փաշինյանը։
Միաժամանակ նա ասել է, թե վախեցած չէ, որ Արևմուտքի կողմից Հայաստանի հանդեպ կարող են երկրորդական պատժամիջոցներ սահմանվել Ռուսաստանի հետ սերտ շփումների պատճառով։
«Կարծում եմ վախենալը այնքան էլ օգտակար դիրքորոշում չէ։ Պետք է աշխատել կառավարելու առաջացող սպառնալիքները և փորձել ոչ միայն տեսնել բացվող հնարավորությունները, այլ նաև աշխատել, որ նոր հնարավորությունները բացվեն»,- ասել է նա։
Համաժողովի լիագումար նիստում իր խոսքում Փաշինյանը նաև հույս է հայտնել Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները:
«Մենք Ռուսաստանի աջակցության հույսն ունենք, ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլ նաև Ադրբեջանի հետ շատ մոտ գործընկեր։ Ադրբեջանի համար ևս այն հնարավորություններ է բացում»,- նշել է նա։
Սոցիալ-տնտեսական ոլորտի մասին Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տնտեսական խնդիրներ ունեի, բայց իրավիճակը ճգնաժամային չէ Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանում ևս շատ մտահոգված են պարենային և էներգետիկ անվտանգության հարցերով, երկրում մեծ սղաճ կա, և դա ուղիղ ազդեցություն է գործում սոցիալական իրավիճակի վրա։
«Բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ մեզ մոտ իրավիճակը կառավարելի է»,- իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետը, նշելով, որ Հայաստանի տնտեսությունում լավ դինամիկա կա, նպատակ կա նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ունենալ։