Մատչելիության հղումներ

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն


Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն ապօրինի գույքի բռնագանձման հարցով։ Իրավապահները, սակայն, դեռ չեն մանրամասնում, թե տասը տարի պաշտոնավարած Թովմասյանի որ գույքն է կասկածելի, և արդյոք այն կալանքի տակ է հիմա։

Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը ևս հրաժարվեց մեկնաբանություններից՝ պատճառաբանելով, թե նոր է ներգրավվել այս գործում։

Երկու տարի առաջ ընդունված օրենքով մինչև օրս որևէ պաշտոնյայի գույք ապօրինի չի ճանաչվել։ Այս պահին դատարանում է 13 գործ, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մասով։

Սակայն քննությունը դոփում է տեղում, ընդդիմությունը բողոքարկել է օրենքը Սահմանադրական դատարանում, և Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը չի բացառում, որ դատաքննությունը նաև այդ պատճառով է դանդաղում. - «Ենթադրում եմ, մեծ կապ ունի նաև այն հանգամանքը, որ հարցը վիճարկվում է Սահմանադրական դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հետ կապված։ Ենթադրում եմ, որ նաև դրանով պայմանավորված սպասողական որոշակի վիճակներ կան դատական համակարգում»։

Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնց մի շարք ներկայացուցիչներ անցնում են այս գործերով, մոտ մեկ տարի առաջ դիմել են Բարձր դատարան՝ հեղափոխությունից հետո ընդունված օրենքը որակելով հակասահմանադրական։ Ընդդիմադիրները վիճահարույց են համարում դրույթը, որով իրավապահների թիրախում կարող է հայտնվել նույնիսկ 90-ականներին ձեռք բերված ունեցվածքը, նաև մի շարք այլ հարցեր՝ սեփականության իրավունքի, քաղաքացու կողմից իր գույքի օրինականությունը ապացուցելու վերաբերյալ։

Ընդդիմադիրները պնդում են, թե քանի դեռ Սահմանադրական դատարանն իրենց հարցերին չի պատասխանել, բռնագանձման մասին օրենքը պետք է կասեցվի։ Դիմումը ՍԴ-ում ներկայացնող Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը ասում է, թե դատարանը միտումնավոր ձգձգում է քննարկումները. - «Ուսումնասիրությունները օրենքի հետ կապված բավականին տևական ժամանակ են իրականացվում, և այն պարագային, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացնում կասեցնել գործի քննությունը, կարծում եմ, այդ ժամանակ պետք է անպայման անդրադառնար դրան, որովհետև իմ տպավորությունս այն է, որ նաև ինչ-ինչ պատճառներով ձգձգում են ուղղակի այդ օրենքի քննարկումը»։

Սահմանադրական դատարանը, իր հերթին ամիսներ առաջ դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ակնկալելով միջազգային փորձագետների տեսակետը վիճահարույց հարցերի շուրջ։

«Սա ստանդարտ ընթացակարգ է», - օրերս լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը. - «Շատ երկրներ են դիմում Վենետիկի հանձնաժողովին այդ հարցով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինստիտուտը նոր է և Վենետիկի հանձնաժողովի հեղինակավոր կարծիքը կարող է նաև որոշակի առումով կողմնորոշիչ լինի, Սահմանադրական դատարանը ըստ էության գնացել է այդ քայլին։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանաք, օրենքը ամբողջությամբ, վերից վար վիճարկելը Սահմանադրական դատարանում իմ մոտ զարմանք է առաջացնում»։

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, պնդում է, որ այս խնդիրներից հնարավոր էր խուսափել, եթե օրենքի քննարկման փուկում իշխանությունը նաև մասնագետների կարծիքը լսեր. - «Մեր մեր դիրքորոշումներում պարբերաբար հնչեցրել ենք, որ պետք չէ ձևական կողմին տուրք տալ, և բովանդակային առումով հնարավոր էր օրենքը այնպիսի բովանդակությամբ ընդունել և թեկուզ հետագայում նաև փոփոխություններ կատարել, որ չհանգեցներ նման իրավիճակի»։

Քննադատելով իշխանություններին՝ Հայկ Մարտիրոսյանը միաժամանակ չի կիսում ընդդիմության տեսակետը, թե օրենքը պետք է կասեցնել։ Ասում է՝ հակառակ դեպքում նրանք կարող են օտարել գույքն ու վերջ դնել պատմությանը հօգուտ իրենց. - «Կարծում եմ, էստեղ անհատի և հանրային շահի խնդրի մեջ չի, այլ օրենքի նպատակի մեջ։ Կոնկրետ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև հենց այդ ապօրինի գույքի օտարման կանխումով առաջնահերթորեն, որպեսզի հնարավոր լինի հետագայում դա բռնագանձել։ Իսկ եթե քաղաքացիները կգտնեն, որ իրենք տուժել են այդ գործընթացից՝ արգելանքի պարագայում շահույթից են զրկվել և այլն, բնական է, նրանց մոտ կառաջանա համապատասխան իրավունք պետությունից պահանջելու։ Դրա կանխատեսելիությունը պետք է իր վրա վերցներ պատասխանատվություն համապատասխան մարմինը, ով առաջարկել էր նման բովանդակությամբ օրենք։ Նրանք պետք է հաշվի առնեին դա»։

Բայց որ գործընթացը դոփում է տեղում, ընդունում են բոլոր կողմերը։ Այս պահին դատախազությունը դատարանից պահանջում է հօգուտ պետությանը վերադարձնել նախկին պաշտոնյաներին պատկանող ավելի քան 200 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև ավելի մոտ 40 մլրդ դրամ՝ մոտ 100 միլիոն դոլար։ Մինչ օրս, սակայն, այս գործերից որևէ մեկով պետությանը մեկ լումա չի վերադարձվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG