Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանից դիմում դեռ չի ստացել


Չնայած Սահմանադրական դատարանը (ՍԴ) դեռ հուլիսի 8-ին է որոշել դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի մասին խորհրդատվական կարծիք ստանալու համար, Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ հանձնաժողովի քարտուղարությունը Հայաստանից դեռ դիմում չի ստացել։

ՍԴ-ից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ գրեթե մեկ ամիս առաջ ուղարկված դիմումը դեռ չի հասել Վենետիկի հանձնաժողով։

Ընդդիմադիր պատգամավորները անցած տարի նոյեմբերին էին դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու արդյոք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը համապատասխանում է սահմանադրությանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը որոշ շտկումներ կմտցնի օրենքի մեջ, բայց էական փոփոխություններ մասնագետը չի կանխատեսում:

«Եվրոպական դատարանը կոնկրետ իր նախադեպային իրավունքով վաղուց կանաչ լույս է տվել նման օրենքների ընդունմանն ու կիրառությանը՝ ասելով, որ որպես այդպիսին նման օրենքները չեն հակասում եվրոպական կոնվենցիային: Վենետիկի հանձնաժողովը մոտավորապես այդ կոնտեքստով եզրահանգումներ կտա, բայց որոշ եզրահանգումներ կարող են օրենքի մեջ շտկումներ մտցնել, ասենք, երաշխիքները պատասխանող կողմի համար, գույքի սեփականատերերի համար պետք է շտկել, որովհետև սա բավականին ասիմետրիկ օրենք է: Այսինքն՝ մեծ հնարավորություններ է տալիս դատավարության մասնակիցներից մեկին, որը պետությունն է և էապես նվազեցնում է դատավարության մյուս մասնակցի հնարավորությունները, դա սովորական քաղաքացին է: Ամենախնդրահարույցը օրենքին չափազանց շատ հետադարձ ուժ տալն է», - նշեց Ղազարյանը:

Բարձր դատարանը 4 հարց է ձևակերպել իր դիմումի մեջ, դրանք վերաբերում են գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածին, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորմանը, ապացույցի չափանիշի բացակայությանը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ, մասնավորապես, գույքային իրավունքի։

«Ամենակարևոր սկզբունքային կետը, որ շատ է մտահոգում փաստաբաններին, դա ապացույցի չափանիշի բացակայությունն է, ապացույցի բեռը բաշխելու փոխարեն մենակ դատավարության մեկ մասնակցի վրա թողնելու հարցն է: Այս պայմաններում, երբ որ պետությունն իր ամբողջ զինանոցով դուրս է գալիս քաղաքացու դեմ», - ասաց մասնագետը:

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է՝ քանի դեռ հարցը քննվում է բարձր դատարանում, հարուցված դատական գործերը պետք է կասեցվեն։ Մինչ այժմ 12 գործ է դատարան ուղարկվել։ Բռնագանձման հայցերը հիմնականում վերաբերում են նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Պատկերացրեք փաստաբանի կամ դատախազի վիճակը դատարանում, երբ որ նա պնդում է մի բան, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանն արդեն կասկած է հայտնել: Բնականաբար, պետք է կասեցվեն այդ դատական գործերը մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը», - նշեց Արա Ղազարյանը:

Սահմանադրական դատարանում վիճարկվող օրենքն ընդունվել է 2020 թվականին։ Օրենքի ուժի մեջ մտնելուց առ այսօր դատախազությունում 330 ուսումնասիրություն է արվել։ Դատարան ուղարկված գործերով պետության բռնագանձման պահանջը 200 անշարժ ու շարժական գույք է, 21 իրավաբանական անձանց մասնակցություն և 20-21 մլրդ դրամ։ Այս ամենի ընդհանուր շուկայական արժեքը հասնում են շուրջ 70 մլրդ դրամի։

Դատախազությունից, սակայն, հրաժարվեցին այս հարցով որևէ մեկնաբանություն տալ։ Հարցազրույցից հրաժարվեցին նաև իշխող ուժի պատգամավորները, հիմնավորմամբ, թե նպատակահարմար չէ մեկնաբանել մի հարցը, որը գտնվում է Սահմանադրական դատարանում։

Ավելի քան 2 տարի առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր օրենքը, իշխանական պատգամավորներ ակտիվորեն ելույթ էին ունենում ու հայտարարում այս օրենքով վերջապես վերականգնելու են սոցիալական արդարությունը։

«Քաղաքական ուղերձն այն է, որ վաղ թե ուշ այն գույքը, այն ունեցվածքը, որը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միևնույն է, վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի արդյունքների», - ասել է ԱԺ -ում իշխող խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը:

Օրենքի ընդունումից ավելի քան երկու տարի անց ուժի մեջ մտած որևէ դատական վճիռ չկա, իսկ իշխող մեծամասնության ընդունած օրենքի սահմանադրականության հարցը քննում է բարձր դատարանը։ Ենթադրվում է, որ միջազգային խորհրդատվական կառույցը, որ անգամ դեռ չի ստացել մեկ ամիս առաջ ուղարկված նամակը, մի քանի ամսից նոր կկարողանա իր եզրակացությունն ուղարկել։ Սահմանադրական դատարանն իր հերթին կասեցրել է ընդդիմադիր պատգամավորների դիմումի քննությունը, քանի դեռ չի ստացել եվրոպացի փորձագետների եզրակացությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG