Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, ըստ փաստաբանի, պահանջն անհիմն է


Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա։ Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այս հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել։

Գրիգորյանների ներկայացուցիչ փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ դատարանն արդեն կալանք է դրել Գրիգորյանների շարժական ու անշարժ գույքի վրա․ - «Նաև հայցի ապահովման միջոց է կիրառվել՝ արգելանքի տակ է վերցվել ամբողջ շարժական և անշարժ գույքը»։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Դատական նիստի օրը փաստաբանն էլ դեռ չգիտի։ Եթե անհնար լինի 18 անշարժ ու 16 տրանսպորտային միջոցը բռնագանձել հանգուցյալ Գրիգորյանի ժառանգներից ու նրա հետ փոխկապակցված անձնանցից, ապա, ըստ դատախազության, պետք է բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքը՝ 2.5 միլիարդ դրամ։

Գրիգորյանների ներկայացուցչի կարծիքով՝ հայցապահանջն անհիմն է։ Նա խոստացավ դատական նիստերին ներկայացնել փաստեր, որ Գրիգորյանները օրինական ճանապարահով են տիրացել տասնյակների հասնող անշարժ ու շարժական գույքին։

«Այն պատճառաբանությունը, որոնք որ դրված են հայցապահանջի հիմքում, իրավազուրկ են», - ասաց Լևոն Բաղդասարյանը։

Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել նաև ավելի քան 700 միլիոն դրամ, որը ևս ապօրինի ծագման է համարում։ Փաստաբանն ակնկալում է՝ արդար դատաքննություն։

«Եթե կապացուցվի, որ հայցապահանջը հիմնավոր է, այո՛, պետք է բավարարվի, իսկ եթե ոչ, այո՛, պետք է հայցը մերժվի՝ անհիմն լինելու հանգամանքով», - ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանն ու նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը դատական նիստերից մեկի ժամանակ, մայիս, 2019թ․
Մանվել Գրիգորյանն ու նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը դատական նիստերից մեկի ժամանակ, մայիս, 2019թ․

Մանվել Գրիգորյանը մահացել է մոտ երկու տարի առաջ։ Նա մեղադրվում էր մի շարք ծանր կոռուպցիոն հանցագործությունների համար։

Գրիգորյանը պաշտպանության փոխնախարար է եղել, ավելի ուշ պատգամավոր։ Նրա որդին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, դուստրը դատավոր է։

Ապօրինի գույքի բռնագանձման հարցով սա 12-րդ հայցադիմումն է, որ վարույթ է ընդունվել։ Դատարան ուղարկված գործերը հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներին են վերաբերում, նրանց թվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը և այլոք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG