Մատչելիության հղումներ

Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի և Մհեր Սեդրակյանի ունեցվածքի մի մասը որակել է ապօրինի


Ուսումնասիրելով նախկին իշխանության ներկայացուցիչներից ևս երեքի ունեցվածքը՝ Դատախազությունը դրանց մի մասը որակել է ապօրինի։ Մեկի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հայցն արդեն ուղարկվել է դատարան, մյուս երկուսի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքն ու եկամուտները դրվել են կալանքի տակ։ Սեփականատերերին էլ հրավիրել են Դատախազություն՝ ծանոթանալու իրավապահների եզրահանգումներին։

Սյունիքի մարզը 12 տարի ղեկավարած, այժմ հետախուզվող Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները դատարանում պետք է ապացուցեն, որ ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը, մինչդեռ, հակառակ եզրահանգման է եկել անցած ամիսների քննության արդյունքում, ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դա նշանակում է, որ Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց օրինական ծագումը հիմնավորված չէ, դրանք ունեն ապօրինի ծագում, ենթակա են բռնագանձման, իհարկե, դատարանում կողմերի վիճաբանության ու փաստարկների ներկայացման արդյունքում դատարանը վերջնական եզրակացություն կկատարի», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Սյունիքում նախկին ազդեցիկ պաշտոնյան, ըստ Դատախազության, կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում, նաև՝ 3 մեքենա։ Եթե դատարանը ապացուցված համարեց Դատախազության կասկածները, ապա նախկին մարզպետն ու ընտանիքի անդամները կամ պետք է պետությանը վերադարձնեն այդ գույքը, կամ էլ դրա անհնարինության դեպքում վճարեն միջին շուկայական գինը՝ 1.5 միլիարդ դրամ։ Բացի անշարժ գույքից, իրավապահները կասկածի տակ են դնում նաև ավելի քան 7.5 միլիարդ դրամի, այդ թվում՝ օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 միլիարդ դրամ գումարի ծագումը։

«Ինչպես Սուրիկ Խաչատրյանի, այնպես էլ նրան փոխկապակցված անձանց գույքերը կալանքի տակ են, որովհետև ուսումնասիրության ընթացքում Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան, որպես հայցի նախնական ապահովման միջոց նրա և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի նկատմամբ կալանք կիրառելու, արգելանք կիրառելու, որպեսզի հետագայում դատարանում ապացուցված համարվելու պարագայում հնարավոր լինի ապահովել այդ գույքերի բռնագանձումը», - նշեց Աբրահամյանը:

Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները չեն համաձայնել Դատախազության առաջարկին՝ առանց դատաքննության պետությանը փոխանցել ապօրինի որակված գույքի և դրամական միջոցների առնվազն 75 տոկոսը։

«Կողմը կարող է համաձայնել նվազագույնը, այսինքն՝ 25 տոկոս իրեն պահելու պայմանում ապօրինի ճանաչված գույքի մնացած մասը հանձնելու պետությանը», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը, փակագծեր չբացելով, միայն պնդեց՝ հայցն անհիմն է:

«Մի բառով ասեմ, որ համաձայն չենք ու գտնում ենք, որ անհիմն է», - ասաց փաստաբանը:

Ունեցվածքն ինքնակամ պետությանը փոխանցելու առաջարկը չեն ընդունել ևս 12 նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որոնց գործերը այս պահին քննվում են դատարանում։

Հստակ չէ՝ արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը կհամաձայնեն Դատախազության առաջարկի հետ։ Գլխավոր դատախազությունն առայժմ չի հայտնում, թե նրանց ունեցվածքի որ մասն է որակվել ապօրինի։

Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը ևս, առանց մանրամասնելու, միայն ասաց ՝ Դատախազության ուսումնասիրության արդյունքները բավարար չեն՝ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորի ունեցվածքը ապօրինի որակելու համար։

«Դատախազությունը ինչ-որ գործընթաց է սկսել, որի հետ կապված ծանուցել է, մենք էլ մեր դիրքորոշումը կներկայացնենք, մեր հիմնավորումները կներկայացնենք, որոնց արդյունքում պարզ կլինի, որ որևէ ապօրինի գույք առկա չի և չի եղել: Դատախազության համար միգուցե օբյեկտիվորեն տեսանելի չեն եղել մի շարք եկամուտներ, որոնք տեսանելի լինելու պայմաններում կհիմնավորվի, որ որևէ ապօրինի գույք առկա չի և չի եղել», - ընդգծեց Ալեքսան Խաչատրյանը:

«Ազատությանը» չի հաջողվել կապվել Հովիկ Աբրահամյանի կամ նրա փաստաբանի հետ։ Պարզ չէ նաև, թե որ փուլում է հանրապետականի իշխանության տարիներին վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Աբրահամյանի՝ Մոնումենտի արդեն նախկին առանձնատան վաճառքի գործը։ Ամիսներ առաջ Մոնումենտի դղյակների օրինականությունը ուսումնասիրող քննիչն առանց Դատախազությանը տեղյակ պահելու Աբրահամյաններին հնարավորություն էր տվել 5 միլիոն դոլարով վաճառել այն։ Դրանից հետո պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածով գործ հարուցվեց, արդեն վաճառված առանձնատունը կալանքի տակ դրվեց, վաճառքի գործարքն էլ թույլ տված քննիչին հեռացրեցին այս գործից։ Ամիսներ անց, սակայն, իրավապահները չեն պարզաբանում՝ ինչ կարգավիճակ ունի քննիչը և արդյոք հարցաքննվել է։

XS
SM
MD
LG