Դատախազությունը դատարանից պահանջել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 92 մլն 538 հազար 513 դրամ։
Դատարանը դիմումն ընդունել է վարույթ։
Ավելի ուշ Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չի տիրապետել, չի տիրապետում, ինչպես նաև չի տիրապետում հասարակական նշանակության որևէ օբյեկտի՝ նշելով․ - «Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի»։
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 6-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ․ իրավապահները նաև ուսումնասիրել են ավելի քան մեկ տարի առաջ մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի, ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։ Արամ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սերոբ Հարությունյանի, Արամ Վարդանյանի և Վահրամ Գուրողյանի գործերն արդեն դատարանում են։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է ավելի քան 200 գործ։
Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ դրամի չափով գումար։