Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջել է «Վստրեչի Ապերից», ևս 2 անձանցից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը


Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանից և նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։

Դատախազությունը նշում է, որ մասնավորապես պահանջել է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 դրամ։

Դիմումը ներկայացվել է հունվարի 20-ին, այն ընդունվել է վարույթ։ Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումն է։

Իրավապահներն ուսումնասիրել են նաև ավելի քան մեկ տարի առաջ մահացած, կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։ Արամ Հարությունյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սերոբ Հարությունյանի գործերն արդեն դատարանում են։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է ավելի քան 200 գործ։

Ըստ դատախազության, ապօրինի գույքի բռնագանձման ավարտված ուսումնասիրություններով 2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց։

XS
SM
MD
LG