Մատչելիության հղումներ

Կոռնիձորի գյուղապետը հույս ունի՝ արցախյան նոր ճանապարհը կաշխուժացնի կյանքը գյուղում 


Արցախը Հայաստանին կապող նոր՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի շինարարությունը, ըստ գյուղապետի, «նորմալ հունով գնում է»։ Կոռնիձորցիները հույս ունեն, որ բացվելուց հետո կյանքը գյուղում կաշխուժանա, «Ազատությանը» փոխանցեց Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանը։

«Նորմալ իրա հունով աշխատանքները գնում են, հիմա տեխնիկան ավելացրել են, բնական է էլի, մտածեն, ճանապարհի հետ կապված օգտվեն` եկամուտ ապահովելու համար։ Մարդիկ կան, որ էս ուղղությամբ մտածում են, այսինքն՝ էս ճանապարհից մի օգուտ քաղեն էլի, մեկը մի բանով կզբաղվի, մյուսը մի այլ բանով», - ասաց Կարապետյանը։

Երկու օր առաջ կառավարության նիստում որոշվեց Տեղ-Կոռնիձոր գրեթե 12 կիլոմետրանոց ավտոճանապարհի կառուցման՝ այս տարվա աշխատանքների համար հատկացնել 5.5 միլիարդ դրամ։ Աշխատանքները շարունակվելու են նաև մյուս տարի։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մինչ այդ հավաստիացրել էր, որ նոր ճանապարհը պատրաստ կլինի գալիք ամռան շեմին։

«Մենք նպատակադրված ենք այդ ճանապարհը կառուցել նախ որակով, որպեսզի բոլոր ստանդարտներին բավարարի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կարողանան անցնեն և կառուցել հնարավորինս արագ։ Այդ մասին վկայում է նաև մեր հայտարարած մրցույթը, մենք այս 11.8 կմ ճանապարհը բաժանել ենք երեք մասի՝ երեք լոտերի և հիմա ունենք երեք շինարարական ընկերություններ, որոնք բավական ակտիվ աշխատում են։ Մեր պլաններն էսպիսինն են, որ մինչև մայիս մենք այդտեղ ամբողջ աշխատանքներն ավարտենք, ասֆալտապատենք», - ասաց Սանոսյանը։

Հայաստանի կառավարութունը դեպի Արցախ տանող նոր ճանապարհի կառուցումը սկսեց այս ամսվա սկզբին՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսումից հետո, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ ու մոտ քսան վիրավոր տվեց։ Մինչ այդ, ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը փաստացի վերջնագիր էր ներկայացրել՝ մինչև օգոստոսի 5-ը, այնուհետև՝ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը։

XS
SM
MD
LG