Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով Կառավարությունն այսօր գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ այդմ՝ Մ-12- Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցման 2022 թվականին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5 միլիարդ 551 միլիոն 808 հազար100.0 դրամ:
Այդ միջոցներից, Կառավարության աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն, շինարարական աշխատանքներին կտրամադրվի 5 միլիարդ 463 միլիոն 772 հազար 110.0 դրամը, տեխնիկական հսկողությանը՝ 54 միլիոն 52 հազար 443.0 դրամը, և հեղինակային հսկողության համար՝ 33 միլիոն 983 հազար 547.0 դրամը։
Անցած շաբաթ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման եթերում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ արդեն մի քանի օր է՝ հայկական կողմն սկսել է հայաստանյան հատվածում օգոստոսի 25-ից հետո Հայաստանն Արցախին կապող ճանապարհի՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի շինարարությունը, և ծրագրվում է մինչև առաջիկա մայիս աշխատանքներն ամբողջությամբ ավարտել, ճանապարհն ասֆալտապատել: Ադրբեջանական կողմն իր հատվածում շինարարությունն արդեն ավարտում է: