Մատչելիության հղումներ

Մինչև մայիս կավարտենք Տեղ-Կոռնիձոր ճանապարհի ամբողջ շինաշխատանքները. Գնել Սանոսյան


«Խնդիրը բազմակողմանի է, և պետք է փորձել լայն առումով հասկանալ բոլոր գերատեսչությունների աշխատանքը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունին ու դրա պատճառներին։

«Կարծում եմ՝ ինչքան էլ պետական մարմինները հսկողական մեխանիզմներ շատ ունենան, հսկեն, ինչը շատ ցանկալի է, այնուամենայնիվ անհատ մարդկանցից կամ գործարարներից շատ բան է կախված, որովհետև այն միջավայրը, որում իրենք աշխատում են, այդ միջավայրում կան կանոններ, որոնք իրենք պետք է պահեն։ Նախնական եզրակացությունը կարծես այնպիսին է, որ այդ կանոնները չպահպանելու հետևանք է այս ցավալի միջադեպը», - հավելեց նախարարը։

Օգտատերերը հետաքրքրվել էին՝ օգոստոսի 25-ից հետո Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ինչու է այսքան ուշ սկսել կառուցվել, այնինչ Ադրբեջանն արդեն ավարտում է այն։ Գնել Սանոսյանը պատասխանեց, որ արդեն մի քանի օր է, հայկական կողմն էլ է սկսել հայաստանյան հատվածում այդ ճանապարհի շինարարությունը՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, որը 11.8 կմ երկարություն ունի։

«Մենք նպատակադրված ենք այդ ճանապարհը կառուցել նախ որակով, որպեսզի բոլոր ստանդարտներին բավարարի, և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կարողանան անցնել, և կառուցել հնարավորինս արագ», - վստահեցրեց նախարարը՝ շարունակելով. - «Այդ մասին վկայում է նաև մեր հայտարարած մրցույթը՝ մենք այս 11,8 կիլոմետր ճանապարհը բաժանել ենք երեք մասի, երեք լոտերի, և հիմա ունենք երեք շինարարական ընկերություններ, որոնք բավական ակտիվ աշխատում են»:

«Մեր պլանները էսպիսին են, որ մինչև մայիս ամիսը մենք ամբողջ աշխատանքները ավարտենք, ասֆալտապատենք։ Գրեթե ամբողջությամբ նոր ճանապարհ է լինելու՝ բացի որոշ հատվածներից, որոնք հիմնականում դաշտամիջյան են, այսինքն՝ նորից այնտեղ նոր ճանապարհ է պետք կառուցել: Բավական բարդ նախագծման աշխատանք է անցել, այնտեղ ոլորաններ կան՝ դեպի ձորակը իջնող, կան գաբիոնային աշխատանքներ, հենապատեր», - շեշտեց պաշտոնյան։

Սանոսյանի կարծիքով՝ երեք ընկերության պարագայում աշխատանքները նորմալ, պատշաճ կիրականացվեն: «Բոլոր նորմատիվները պահպանված են՝ թեքությունների առումով, լայնությունների առումով, նախորդ ճանապարհին որևէ բանով չի զիջելու, մի շարք դեպքերում նաև լավը կլինի: Դժվարանցանելի հատված կարծում եմ չի լինի, բայց կլինեն 8 ոլորաններ», - ասաց նախարարը:


Ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG