Մատչելիության հղումներ

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի օգոստոսին


Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարությունը կսկսվի օգոստոսին, հայտարարում է Տարածքային կառավարման նախարարությունը։

Նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Ադրբեջանական կողմն արդեն ավարտին է հասցնում գործը․ Բերդաձորի գյուղերում թուրք ու ադրբեջանցի շինարարներն ասֆալտապատում են ճանապարհը։ Կոռնիձորի տակ արդեն ավարտել են կամրջի շինարարությունը:

«Այո, ճանապարհները իրոք սարքում են, էն ժամանակ սաղ սարեր են, հիմա հարթ ճանապարհ են սարքում», - ասում է կոռնիձորցի Թամարա Աբրահամյանը` հավելելով, թե տարուց ավելի է` վախից ցատկում են ադրբեջանական պայթեցումներից, շինարարական պայթեցումներ են. «Վախ ա էլի, որ կարող ա կրակոց ա, բայց կրակոց չի, պայթեցնում են, ճանապարհն են սարքում»:

Հայկական կողմը պետք է կառուցի Կոռնիձորից Տեղ գյուղ տանող տանող հատվածը: Գյուղում առայժմ շինարարների չեն տեսել:

«Մեր կողմից ոչ մի աշխատանք չի կատարվել, Ադրբեջանի կողմից կատարվել է զուտ իրենց մասով՝ դեպի իրենց ճանապարհը, և կամուրջն են սարքել։ Իսկ մեր կողմում ոչ մի աշխատանք դեռ չի իրականացվել, չափագրողներ եկել են, չափագրումներ կատարել են այն տարածքով, որ պիտի անցնի», - «Ազատությանը» փոխանցեց Կոռնիձորի համայնքապետարանի ներկայացուցիչ Լուսինե Քարամյանը։

Կամուրջը, որը կառուցել է ադրբեջանական կողմը Կոռնիձորի տակ՝ Աղավնո գետի վրա
Կամուրջը, որը կառուցել է ադրբեջանական կողմը Կոռնիձորի տակ՝ Աղավնո գետի վրա

Նա ասաց, որ շաբաթներ առաջ են գյուղի հարակից տարածքում մասնագետները հետազոտական աշխատանք կատարել։

Կառավարությունը հունիս ամսվա վերջին նիստում է ընդունել մի որոշում, որով գումար է հատկացվել մի շարք ճանապարհների գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների համար, այս թվում է Մ-12 Կոռնիձոր-Արցախ ավտոճանապարհի վերակառուցումը։

«Մեզ հասած տվյալներով՝ ճանապարհը երևի կանցնի դաշտամիջյան ճանապարհով, այսինքն՝ Կոռնիձորի հարակից դաշտավայրերով», - ասաց Լուսինե Քարամյանը։

Եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի։ Երեք տարին չանցած ոչ թե նախագծի, այլ շինարարության ավարտի մասին է ազդարարում Ադրբեջանը։ Հայկական կողմը նոր-նոր սկսում է շինարարությունը։

Եռակողմ հայտարարությունից մեկ ամիս էլ չանցած Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարում էր՝ կառուցելու են Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը 3 տարուց էլ շուտ։

«Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո, Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ», - ասում էր Իլհամ Ալիևը։

Հայասատան-Արցախ նոր երթուղու երկայնքով նույնպես ռուս խաղաղապահներ կտեղակայվեն, սա նախատեսված է եռակողմ հայտարարությամբ։

Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակավայրերում, որտեղով անցնելու է նոր ճանապարհը, շատ մեծ ոգևորություն չկա, որ այն իր հետ աշխուժություն ու եկամուտ կբերի կտրված այս գյուղերին։

«100 տոկոսով ես վախում եմ, 100 տոկոսով, ոչ թե կասկածում եմ 90 տոկոս, այլ 100 տոկոս», - ասում է Թամարա Աբրահամյանը:

Նա առայժմ ադրբեջանական շինարարությանն է հետևել՝ տագնապներ ունի: Առանց այդ էլ այս գյուղը երեք կողմից ադրբեջանցիներով է շրջապատված. «Կարող է ինքն իր համար է, ճամփա պիտի գցի, վաղն էլ հենց ազատ ինքն էլ կարա գա, ես դրանից եմ վախում»:

Ի՞նչ վտանգ, զարմանում է Ազնիվ Ամարյանը: Նա էլ Կոռնիձորում է ապրում, հավատում, որ նոր ճամփան փոխելու է գյուղի կյանքը. «Շատ լավ կարծիք, շատ ընտիր, ամեն ինչից կտրված է եղել այս գյուղը, մի խանութ կդնեն, կաշխատեն, մի բան կանեն»:

Ամարյանը զարմանում է, երբ համագյուղացիները անվտանգությունից են խոսում, ի՞նչ վտանգ ասում է, «հո ադրբեջանցին չի գալու, ինձ իմ տնից դուրս հրավիրի»: Նա կարծում է, որ ճանապարհը, կամուրջը, որ հայ-արդրբեջանական համատեղ երթևեկության համար է, միայն խաղաղությանն է նպաստելու:

Որքան օգուտ է, նույնքան էլ վնաս, համաձայն չէ Վիկտոր Բեջանյանը. «Կենցաղային մոմենտում մեզ ձեռնտու է ճանապարհը, բայց սա չի նշանակում ընդհանուր հայկական հարցի լուծում, այս ճանապարհը իր հետ բերելու է նաև այն ամենը, ինչ որ թշնամինչ ցանկանում է»:

Կոռնիձորցի Բեջանյանը խորհուրդ չի տալիս կենցաղային օգուտներով առաջնորդվել` ճամփին բերք վաճառել, խանութ ու բենզալցակայան աշխատեցնել, հյուրատուն ունենալ: Լավ է, ասում է, բայց ինչ գնով. «Եթե որոշեն` էս ճանապարհը պիտի ստեղով լինի, այսինքն` նշանակում է` Լաչինի ճանապարհը պիտի տան Ադրբեջանին, չէ՞, եթե Լաչինչ ճանապարհը տան, նրա մերձակա գյուղերը, տարածքները տալու են Ադրբեջանին... լինի ադրբեջանական հսկողության տակ, կամ ռուսները վերցնեն իրենց հսկողության տակ: Բոլոր դեպքերում հսկողությունը հայկական չի»:

Ոգևորվածներին հիշեցնում է՝ Հայաստանն Արցախին կապող նոր ճամփան հարցի լուծում չէ, զիջումներից մեկն է։

XS
SM
MD
LG