Սոսիկ Ղավալբաբունցը Սյունիքի Տեղ գյուղում է ապրում՝ ընտանիքի 7 անդամների հետ, ամառը կիսվել -անցել է, ասում է, «ջրի երես չենք տեսել»: Տանը, բակում՝ ամենուր ջրի տարաներ են:
«Ջուր չկա, որ երեխաները լողանան, անչափահաս են, բայց մեծ են, գնում են դաշտ խոտ են բերում, ցորեն են բերում, կեղտոտ մտնում են տեղերը, չի ստացվում», - ներկայացրեց Սոսիկ Ղավալբաբունցը:
Այգին, որ պետք է իրենց ամռանն ու ձմռանը կերակրի՝ չոր է, տիկին Սոսիկը այդ կողմը նայելու սիրտ չունի. - «Չեմ էլ ուզում այգի մտնեմ, այգի չկա»:
Ձմեռն ի՞նչ ենք ուտելու՝ հարցնում է օդում։ Արցախի Սուս գյուղից տեղահանված որդին ընտանիքով սահմանամերձ Տեղ գյուղում է ապաստանել: «Էլ որտե՞ղ քոչենք», - հուսահատվում է մայրը:
Նաիրա Քարամյանի տան ծորակը ժանգոտման կայուն փուլում է, նա էլ գյուղի վերևի թաղում է ապրում, ներքևում ասում՝ երբեմն լուցկու հատիկի բարակությամբ ջուր է կաթում. - «Էս տարվա նման խայտառակ վիճակում չի եղել, էս տարի լրիվ խայտառակ վիճակում ա մեր ջուրը»:
Բնակիչներն ասում են՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից որևէ հստակ պատասխան ստանալ չեն հաջողացնում, փոխարենը ստանում են ջրի դիմաց վճարելու պահանջներ:
Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն՝ Ադրբեջանի քթի տակ ապրող այս գյուղերում ջրի խնդիր կա:
Կոռնիձորցի Թամարա Աբրահամյանը չորացած այգու ու ծարավ անլեզու անասունների մասին չի էլ խոսում, իր մասին է խոսում. - «Մարդ, որ ջուր չխմի, կարող է ուշաթափվի»:
Սյունիքի սահմանային գյուղերում ջրի խնդրի մասին ահազանգել էր նաև մարդու իրավունքների պաշտպանը, իրավիճակը համարել մտահոգիչ ու պարզաբանումներ պահանջել «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Ընկերության «Հարավ» շահագործման տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանի պարզաբանմամբ՝ Գորիսի տարածաշրջանում 11 համայնք են սպասարկում, որևէ մեկում ոռոգման համակարգ չկա, մարդիկ խմելու ջուրն օգտագործում են ամեն ինչի համար ու ըստ Մկրտչյանի, անխնա և ապօրինի: Ասում է՝ վերջին 15 օրում այս գյուղերում 60 ապօրինի ջրագիծ են հայտնաբերել:
«Ժողովրդի մեջ էդ ջրի օգտագործման կուլտուրան մտնելը.... մենք ձեռքներս ծալած չենք նստում, կազմել ենք վերահսկողական խումբ, որոնք շրջայցեր են կատարում, ստուգումներ են կատարում, որի արդյունքում էս վերջին 15 օրվա մեջ բազմաթիվ ապօրինություններ են ի հայտ եկել, շրջանցող ջրագծեր են հայտնաբերվել, ինչի արդյունքում բավականին բարելավվել է ջրամատակարարումը», - ասաց Մկրտչյանը:
«Վեոլիա ջրի» ներկայացուցիչը պնդում է՝ գոնե օրը երկու ժամ ջուր բոլորին հասնում է, ինչո՞ւ երկու ժամ, որովհետև ամռանը ջրաքանակը նվազում է, 24 ժամ չեն հասցնում: Սպարտակ Մկրտչյանը վստահ է, եթե այս համայնքներում ջուրը օգտագործեն օրինական կարգով, ջրաչափով, սպառումը կփոքրանա ու բոլորին ջուր կհասնի: Օրինակ, ասում է, հենց ընկերության վերահսկիչները գյուղ են մտնում, մարդիկ ապօրինի գծերն անջատում են ու գյուղում բոլորի ծորակներից ջուր է հայտնվում:
«Մենք երբ գնացել ենք ջուր է եղել, ասում ա՝ դուք ջուրը տալիս եք, նոր հետևից գալիս եք, ես դա չեմ ընդունում», - ընդգծեց նա:
Սահմանի անջուր մնացած բնակիչները լավ չեն պատկերացնում, թե իրենք ինչպես պետք է արդարություն հաստատեն տարածաշրջանում, ու բռնեն ապօրինի ջրօգտագործողի ձեռքը:
Արավուսցի Սերյոժա Ջահանգիրյանը անասնապահությամբ է ընտանիքը պահում, արոտավայրը ադրբեջանցի զինվորներից 50 մետրի վրա է՝ այնտեղից հոտը տանում է մեկ այլ ձորակ՝ որտեղ ջուր կա, հետո տուն բերում: «Ծանր արշավանք է», - փորձում է չդժգոհել:
«Ես չեմ ասում ամեն օր պիտի պարտադիր իմ հայաթը ջուր լինի, չէ, գոնե երեք օրը մեկ լինի, երկու օրը մեկ լինի, գոնե մենք էլ ընթացքում կանեստրները լցնենք, որ մի երեք օր սպասենք, նորից երեք օր հետո գա», - ասաց Ջահանգիրյանը:
Մեծ տնտեսություն ունեցողների համար անջուր մնալը շատ բարդ է՝ ասում է նա, երբեմն մտածում է՝ գուցե գլխաքանակը վաճառի, մտածելիս արդեն փակուղում է հայտնվում. - «Եթե ես անասունը գյուղում վերացնում եմ, անիմաստ ա իմ գյուղում ապրելը»:
Ավելորդ է հարցնել լոգանքի և ընդհանարապես նվազագույն հարմարավետության մասին: «Տուժված եմ», - դարձյալ փորձում է չբողոքել արավուսցին:
«Իմացանք, որ օմբուդսմենն էլ իմացավ», - Սերյոժա Ջահանգիրյանը կարևոր է համարում, որ պաշտպանի գրասենյակը Արավուսի՝ սահմանի մյուս գյուղերի խնդրին անդրադարձել է, միայն թե օրերն անցնում են ոչինչ չի փոխվում: Արավուսցի տղամարդը հոռետես չէ, ճիշտ հակառակը՝ հույս ունի, որ շուտով անձրև կգա. - «Գիտեմ, որ եթե մի երկու անգամ անձրև գա, լավ կլինի»: