Մատչելիության հղումներ

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհն անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով


Արցախի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում ակտիվ շինարարություն է. Հին Շեն գյուղում ադրբեջանցի ու թուրք շինարարներն են ճամփա սարքում, սա Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհն է, որի մասին ադրբեջանական կողմը խոսում է ամիսներ ի վեր, հայկական կողմը լռում էր:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը վերջապես անդրադարձել է հարցին՝ «Ազատության» հետ զրույցում. «Այո, Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ է, արդեն որոշվել է՝ որտեղով պիտի լինի` անցնելու է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի միջով»:

Եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի, նոր ճանապարհը պետք է Հայաստանն Արցախին կապի և այն պաշտպանելու համար այդտեղ նույնպես պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն։ Եռակողմ հայտարարությունից մեկ ամիս էլ չանցած Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարում էր՝ կառուցելու են Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը:

«Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցքի երթուղին և կառուցել այն։ Այստեղ նաև ժամկետն է նշված՝ 3 տարում, կարծում եմ, ավելի շուտ կարող ենք անել։ Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո՝ Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ», - նշել է Ալիևը։

«Բնականաբար, եթե մի ճանապարհ տալիս ես, մի ուրիշ ճանապարհ պետք է տան, տրամաբանությունը դա է, որ այս ճանապարհի ենթակառուցվածքների փոխարեն իրենք ուրիշն են կառուցում», - ասաց Խանումյանը:

Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

«Հայաստանի Հանրապետությունը կկառուցի Հայաստանի Հանրապետության տարածքում ընկած հատված՝ դեպի Կոռնիձոր, Տեղ գնացող հատվածի, այսինքն սահմանից մինչև հին ճանապարհ հասնող հատված», - ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Կոռնիձորում հայկական կողմը որևէ շինաշխատանք չի սկսել։ Համայնքի վարչական ղեկավար Լուսինե Քարամյանից տեղեկացանք՝ նախնական քննարկում էլ չի եղել, իսկ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներն արդեն ավարտին է հասցնում, ոչ միայն իր տարածքում:

«Ձախից արդեն մտել են գյուղի տարածք, մի հատվածն էլ անցել են, գյուղը անցել են մինչև Մեծ Շենի, էն մի գյուղի հատվածում են աշխատում: 2-3 մասի են բաժանված այդ խմբերը, արագի մեջ ուզում են շուտ, մինչև մայիսի կեսերը կամ հունիսի սկիզբները այդ հողային աշխատանքները ավարտեն», - նշեց Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Արցախի Հին Շենի համայնքապետն ասում է՝ գյուղում տեղակայված ռուս խաղաղապահներն են հսկում, որ ադրբեջանցիները հայկական գյուղով ճամփա սարքեն առանց միջադեպերի:

Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարությունը կավարտեն երկու ամսից, շտապում են Բերձոր քաղաքն էլ ադրբեջանական դարձնել։ Ոչ Կոռնիձորում, ոչ էլ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում մեծ ոգևորություն չկա, որ Հայաստան-Արցախ կապն իրականացվելու իրենց բնակավայրերով:

«Հա, պարզ ա, որ լավ ա՝ գյուղի միջով ա անցնելու, հետո եթե ստեղ ապրելու լինենք մի հարցով լավ ա, բայց, որ դնում ես հարցը հեռակա քննարկում՝ ո՞նց ա լավ լինելու, ո՞նց եք պատկերացնում՝ Քաշաթաղը բերին բնակեցրին, Լաչինի շրջանը բերին բնակեցրին: Իհարկե, 80-ական, 90-ական թվականներից նորից սկսելու ա», - նշեց Սարգսյանը:

Հինշենցիներն անհանգիստ են՝ եթե Բերձորն ադրբեջանցիներով բնակեցվի, ինչպե՞ս են իրենք իրենց վարելահողերին ու արոտավայրերին մոտենալու՝ Բերձորից մի 100 մետրի վրա։ Խաղաղ երթևեկի հույս չունեն՝ ասում են՝ բոլոր ճանապարհները լավ են, բայց բարեկամների հետ:

XS
SM
MD
LG