«Սուրմալուի» ողբերգությունից չորս օր անց իրավապահները ո՛չ կասկածյալների շրջանակ են պարզել, ո՛չ էլ հարցաքննել են «Սուրմալուի» սեփականատերերին։ Գլխավոր դատախազության պատճառաբանությունն այն է, որ իրավապահները դեռ ամբողջական տվյալներ չեն հավաքագրել՝ միայն երեկ են կարողացել մոտենալ դեպքի վայրին՝ զննություն իրականացնելու։ Այս պահի դրությամբ Քննչական կոմիտե են կանչվել միայն 50-ից ավելի տուժողներ և տնտեսվարողներ, ղեկավարությանը հարցաքննելու անհրաժեշտություն իրավապահները դեռ չեն տեսնում:
«Ուզում եմ, որպեսզի մեր հանրությունն էլ իմանա, որ հարցաքննություն ասվածն ինքնանպատակ չի, զուտ հարցաքննություն հարցաքննության համար, որպեսզի պլանը կատարենք, համարենք, որ անհրաժեշտ գործողությունը կատարվեց։ Ո՛չ, դա պետք է ծառայի կոնկրետ հանգամանքների բացահայտմանը և նաև այո, ինչու ոչ մեղավորների շրջանակների ի հայտ բերմանը։ Այն, որ ինչպես տնօրինությունը, այնպես էլ սեփականատերերն անպայման հարցաքննվելու են, դրանում որևէ կասկած չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դատախազության մինչ այժմ հավաքած ապացույցները բավարար չեն որևէ մեկին մեղադրանք առաջադրելու համար, ասում է Գոռ Աբրահամյանը։ Սա այն դեպքում, երբ կառավարության տեսչական մարմինը դեռ մեկուկես տարի առաջ վտանգավոր էր գնահատել այս առևտրի կենտրոնի գործունեությունը՝ պահանջելով վերացնել երկու տասնյակ խախտումները։ Ընդ որում, տեսչական մարմինը հայտարարել է, որ տեղեկություն չունի՝ թերությունները շտկվել էին, թե՝ ոչ, քանի որ վերստուգման չէր գնացել, իսկ տոնավաճառի ղեկավարությունն էլ դրանք վերացնելու փաստաթղթեր չէր ներկայացրել։
Ի վերջո, խախտումները վերացվել էին, թե ոչ, ով և ինչ էր վաճառում եռահարկ շենքում, որտեղ տեղի ունեցած պայթյունը զգացվել էր մի քանի կիլոմետր այն կողմ, իրավապահները դեռ պատասխան չունեն։ Պնդում են, թե քննություն է ընթանում։ Աբրահամյանի խոսքով՝ ուսումնասիրում են նաև վերահսկող մարմնի՝ տեսչականի գործողությունները, սակայն, պատասխանատուներին հարցաքննության դեռ չեն կանչել․ այս դեպքում էլ սպասում են, որ տվյալներն ամբողջանան։ Իսկ եթե այդ ընթացքում կասկածյալները կամ հնարավոր մեղսակիցները հեռանա՞ն Հայաստանից, ինչը անցած տարիներին հաճախ է հանդիպել, գլխավոր դատախազի խորհրդականին հարցրեց «Ազատությունը»։
«Այսինքն՝ Դուք առաջարկո՞ւմ եք սկզբից մեղադրանք առաջադրենք, սահմանափակումներ կիրառենք, նոր ապացույցներ ձեռք բերե՞նք դրա վերաբերյալ։ Տեսականորեն ոչինչ չի բացառվում, բայց կրկնում եմ՝ կան գործողություններ, որոնք պետք է արվեն, որից հետո նոր անդրադարձ կկատարվի այդ հարցին։ Այդ հարցին, նրանց հարցաքննության ենթարկելու, նրանց գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ կոնկրետ երեկ էլ Երևանի դատախազությունում է խորհրդակցություն կայացել, տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և շատ արագ ու ինտենսիվ, շատ մեղծ ծավալի աշխատանքներ են իրականացնում», - պատասխանեց Աբրահամյանը։
Դատախազության հիմնական վարկածն այն է, որ պայթյունը եղել է անվտանգության կանոնները խախտելու պատճառով, բայց քննում են նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը։ Երեկ որոշվել է անցկացնել դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն, որը կարող է պարզել՝ այրվող և պայթող նյութերի մեջ եղե՞լ է զինամթերք, թե՝ ոչ։
«Ընդհուպ ահաբեկչության մասին հրապարակումներ են եղել, արդյոք այդ բոլոր տեղեկությունները չպե՞տք է դառնան քննության առարկա։ Մենք համոզված ենք, որ պետք է դառնան քննության առարկա, մենք նշել ենք, որ բոլոր վարկածները պետք է քննության առարկա դառնան, հետևաբար ժամանակից առաջ ընկնելով մեղադրանքների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է և վտանգավոր», - շեշտեց նա։
Արտակարգ իրավիճակների նախարարը, մինչդեռ, պայթյունից երկու օր անց արդեն ասել էր, թե ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող։ Պաշտոնական հայտարարությունների միջև ևս մեկ հակասություն էլ ի հայտ եկավ երեկ, երբ նախարար Արմեն Փամբուխչյանը երեկ հայտարարեց, թե «Սուրմալու»-ի տարածքում նախնական մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել։ Մինչ նախարարը հստակ թվեր ու տոննաներ է մատնանշում, դատախազությունն այսօր հայտնեց՝ դեռ ուսումնասիրում են շենքում պահված նյութերի տեսակներն ու քանակը։
Ավելին՝ Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին «Սուրմալու»-ից գնած և դեռևս չօգտագործած հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն՝ քննչական գործողությունների․ այլ մանրամասներ իրավապահ կառույցից չեն հայտնում։ Ողբերգական դեպքից մոտ 80 ժամ անց դրա պատճառների, կասկածյալների և պատասխանատուների մասին որևէ բան հստակ չէ։