Մատչելիության հղումներ

Պայթյունից երեք օր անց որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա, առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել


Երևանի կենտրոնում վերջին տարիներին տեղի ունեցած ամենամեծ ու արյունալի պայթյունից երեք օր անց` մինչ այս պահը որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա: Ողբերգական դեպքից ավելի քան 54 ժամ անց տարածքի` «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերը` Ռազմիկ Զախարյանը չի հարցաքննվել: Թե ինչո՞ւ, «Ազատության» հարցին, իրավապահները չեն պատասխանում։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց միայն, որ հարցաքննվել է մոտ երկու տասնյակ մարդ՝ հիմնականում տուժողներ։

«Հարցաքննվողների մեծ մասը վարձակալներն են, նրանք հանդիսանում են նաև տուժողներ: Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող սեփականատերերի աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին», - ասաց Թադևոսյանը:

Այս պահին հստակ է միայն, որ տեսչական մարմինը վերջին անգամ մեկուկես տարի առաջ է տարածքում եղել` հայտնաբերելով անվտանգության կանոնների մոտ երկու տասնյակ խախտում: Դրանց վերացման մասին փաստաթղթեր վերահսկող մարմինը այդպես էլ չի ստացել, բայց վերստուգման չի գնացել` ծանրաբեռնվածության պատճառով:

Կառույցի խոսնակ Ելենա Զոհրաբյանը այսօր միայն ենթադրում է, թե խախտումները թերևս չէին վերացվել: «Սուրմալու»-ի տնօրենը, մինչդեռ, հակառակը պնդեց` «Ազատությանը» տված կարճ հարցազրույցում: Իրինա Մադաթովան, սակայն, այլ հարցերի չպատասխանեց` արագ անջատելով հեռախոսը։ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», - ասաց Մադաթովան։

Մինչ այս պահը հստակ չէ նաև` ինչն է նման խոշոր պայթյունի պատճառ դարձել: Իրավապահները պնդում են, թե քննում են բոլոր վարկածները, այդ թվում` պաշտոնյաների անգործությունը: Ականատեսները «Ազատությանը» պատմել էին, որ դեպքը տեղի է ունեցել այն մասնաշենքում, որտեղ հրավառության համար անհրաժեշտ պարագաներ են վաճառում:

Տեսչական մարմնի խոսնակ. անցած տարվա ստուգման արդյունքում որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 14-ը օգոստոսի, 2022թ․
Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 14-ը օգոստոսի, 2022թ․

Գնորդները նշում են, որ նման ապրանքներ տեղում վաղուց են վաճառվում, տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց, որ անցած տարվա իրենց ստուգման արդյունքում «Սուրմալու»-ում որևէ պայթուցիկ նյութ, այդ թվում՝ հրավառության կամ էլ տարբեր առիթների օգտագործվող ճայթուկներ կամ դրանց պահեստներ չեն հայտնաբերվել։

«Քանի որ տեսուչը ստուգման արդյունքում չի արձանագրել այդտեղ հրագործական արտադրատեսակների առկայություն, մենք չենք կարող այս դեպքում ասել, որ առկա է եղել ու դա կարող է պատճառ հանդիսանալ: Պահեստավորման կանոններ կան, վաճառքի կանոններ կան, օգտագործման կարգի բացատրության հետ կապված կանոններ կան, ու այդ բոլորը պահպանելու դեպքում վաճառքը չի արգելվում», - ասաց Զոհրաբյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարը, մինչդեռ, երրորդ օրն է` հայտարարում է, թե շենքում մեծ քանակությամբ հրավտանգ նյութեր են եղել։

Սա անցած մեկ տարում այս շուկայում տեղի ունեցած արդեն երկրորդ հրդեհի դեպքն է։ Անցած տարվա ապրիլին էլ խոշոր հրդեհի հետևանքով վնասվել էր մոտ երկու տասնյակ խանութ` կրկին հակահրդեհային անվտանգության նորմերի խախտման հետևանքով: դեպքից ավելի քան տասնհինգ ամիս անց իրավապահներին չի հաջողվել հստակեցնել մեղադրյալների շրջանակը։ Հստակ է, որ ինչպես անցած տարվա պատահարից, այնպես էլ կիրակի տեղի ունեցած դեպքից հետո սեփականատերը` 86-ամյա Ռազմիկ Զախարյանը շարունակում է մնալ ազատության մեջ: Նրա հետ կապ հաստատել չի հաջողվում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG