Մատչելիության հղումներ

Նախնական «Սուրմալու»-ի տարածքում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել. ԱԻ նախարար


Նախնական մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել «Սուրմալու»-ի տարածքում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Արդյոք նորմա՞լ է, որ այս տարածքում նման քանակությամբ պայթուցիկ նյութ է պահվել, նախարարն ասաց, որ դրա պատասխանը կտան համապատասխան գերատեսչությունները։

«Ազատության» հարցին, թե վստա՞հ են, որ ներսում այլևս պայթուցիկ նյութ չկա, Փամբուխչյանը պատասխանեց․ - «3 օր է՝ շարունակվում է այս վիճակը, երկու օր ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում փոքր ճայթյուններ, իսկ հիմա, այս քամու պարագայում անգամ, որևէ բռնկում տեղի չի ունենում, և կարողանում ենք ենթադրել, որ վտանգավոր նյութեր այլևս չկան»։

Նախարարը նշեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ներսի հատվածի 50-60 տոկոսն արդեն մաքրել են և եթե պայթուցիկ նյութեր լինեին, նաև այդ ընթացքում ի հատ կգային՝ շեշտելով՝ պահեստային մասերն ամբողջությամբ մաքրվել են։

Փամբուխչյանը տեղեկացրեց, որ հանդիպել են առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ, փաստաթղթեր ստացել են և՛ Կադաստրի կոմիտեից, և՛ սեփականատիրոջից, համեմատել են այդ փաստաթղթերն ու դրանց հիման վրա իրականացրել տեղազննումը։

«Տոնավաճառի տնօրենի, սեփականատիրոջ հետ խոսել ենք, մեզ հետաքրքել է՝ թե՛ պայթուցիկ նյութերի հետ կապված, թե՛ հատակագծի հետ կապված, այդ հարցերի պատասխանը ստացել ենք, և նաև այդ հարցերի պատասխանը ստանալու հիմքի վրա է, որ մենք վստահություն ենք հայտնել, որ չկան այլևս պայթուցիկ նյութեր, և նաև որոշ հատվածներում մենք կարողացել ենք էլ ավելի ուշադրություն դարձնել նկուղային հատվածներին և իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ», - ասաց նախարարը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած՝ Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան: 62 տուժածներից 7-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Քննչական կոմիտեն փոխանցում է, որ արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG