Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Այդ մասին այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նախօրեին Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Սուրմալու»-ում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է, Երևան քաղաքի դատախազը մի շարք հանձնարարություններ է տվել:
«Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ և առևտրի կենտրոնում առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաև «Սուրմալու» տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:
Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:
«Քննության առարկա են բոլոր վարկածները», - հավաստիացնում է Դատախազությունը:
Հնարավոր մեղադրյալների կամ կասկածյալների վերաբերյալ հաղորդագրությունում նշված չէ:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 16 մարդ է զոհվել, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած: