Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ որոշ հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։
ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել
Արցախի պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորվել են Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում։